Մեկ տարի առաջ ուժի մեջ մտավ Հայաստանի պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում բարեփոխումների փաթեթը։
Այս իրավական նախաձեռնությունը պարզ նպատակներ էր հետապնդում. առաջինը՝ կրճատել քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց թիվը, երկրորդը՝ պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացն ավելի թափանցիկ և կանխատեսելի դարձնել իր անմիջական շահառուների, այն է՝ ազատազրկվածների համար և երրորդը՝ բարձրացնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի (այսուհետ` անկախ հանձնաժողով) պրոֆեսիոնալիզմը և անկախության աստիճանը։
Այս մասին նշում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտը։ Հայտարարության մեջ նաև նշվում է․
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտը ողջունել է պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը կարգավորող իրավական դաշտում արձանագրված դրական զարգացումները և միաժամանակ վերհանել է մի շարք խնդիրներ, որոնք, ցավոք, չէին թիրախավորվել։ Ավելին, ներդրումից հետո ի հայտ են եկել նոր խնդիրներ, որոնց նույնպես կանդրադառնանք այս հոդվածում։
Իրապես, իրավական դաշտն ընդհանուր առմամբ նշանակալիորեն բարելավվել է ի համեմատ մինչև 2017 թ.-ի մարտ եղած իրավիճակի, սակայն արմատական փոփոխություններ չեն կատարվել։ Գործընթացն այդպես էլ կանխատեսելի չդարձավ ազատազրկվածների համար, չի կարելի նշանակալի անվանել նաև ազատ արձակված անձանց թվի աճը, անկախ հանձնաժողովների փորձագետները չունեն ազատազրկվածների ռիսկերն ու կարիքներն օբյեկտիվ և թափանցիկ գնահատելու աշխատող գործիքներ և մեթոդաբանություն։ Ընդհանուր առմամբ, հանձնաժողովներում բացակայում է միասնական տեսլականը և ռազմավարությունը։
Փաստը, որ բարեփոխումները չեն արդարացրել իրենց, ընդունում է նաև կառավարությունը։ Ներկայումս Արդարադատության նախարարության կողմից փորձարկվում է արմատական փոփոխությունների մեկ այլ փաթեթ։
Բոլոր բարեփոխումները «կոսմետիկ» բնույթ են կրում, և ինչպես բազմիցս ապացուցվել է, առանց համապարփակ գնահատման համակարգի և քրեակատարողական հիմնարկները լքող անձանց օգնություն ցուցաբերելու խորքային փոփոխություններ հնարավոր չեն։
Հասկանալու համար, թե ինչու բարեփոխումների արդյունքները տպավորիչ չեն, փորձենք վերհիշել, թե ինչն է փոխվել փաստացի և ինչու այդ փոփոխությունները չեն աշխատում այնպես, ինչպես որ ակնկալվում էր։
Ինչ ունեինք
Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու համակարգը գլխավորապես կարգավորվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածով, Քրեական դատավարության և Քրեակատարողական օրենսգրքերի մի շարք հոդվածներով (ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք, հոդված, ՀՀ Քրեակատարողական օրենսգիրք, հոդվածներ 114 – 116), ինչպես նաև ենթաօրենսդրական ակտերով (ՀՀ Նախագահի հրամանագիր համար ՆՀ-163-Ն առ 2006թ-ի հուլիսի 31, ՀՀ կառավարության որոշում N 1304-Ն առ 2006 թ-ի օգոստոսի 24 (ուժը կորցրած), ՀՀ արդարադատության նախարարի հրաման թիվ ՔՀ-46-Ն առ 2005թ-ի սեպտեմբերի 8):
Մինչ օրենսդրական փոփոխությունները գործում էր հետևյալ ընթացակարգը. երբ ազատազրկված անձը կրում է նշանակված պատժի՝ օրենքով սահմանված ժամկետը, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավորվում է դիտարկել այդ ազատազրկված անձի՝ պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու հնարավորությունը՝ պայմանով, որ նա պատիժը կրելու ընթացքում չի ենթարկվել որևէ կարգապահական տույժի: Այն դեպքում, եթե քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը որոշում էր պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնել միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող անձին, նա այդ որոշումն ուղարկում էր անկախ հանձնաժողով՝ հավանության:
Եթե անկախ հանձնաժողովը հավանություն էր տալիս վարչական հանձնաժողովի որոշմանը, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը միջնորդություն էր ուղարկում դատարան՝ միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող անձին պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու խնդրանքով:
Անկախ հանձնաժողովների կազմերում ընդգրկվում էին համապատասխան գերատեսչությունների և հասարակության ներկայացուցիչներ։ Անկախ հանձնաժողովների անհատական կազմերը (ըստ նրանց կողմից սպասարկվող քրեակատարողական հիմնարկների), հաստատում էր ՀՀ նախագահը: Անկախ հանձնաժողովները բաղկացած էին 8 անդամներից, որոնց մեծամասնությունը ներկայացնում էր տարբեր գերատեսչություններ՝ ՀՀ ոստիկանություն, Առողջապահության նախարարություն, Ազգային անվտանգության ծառայություն, Նախագահի աշխատակազմ, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն։ Հանձնաժողովի կազմում էին ընդգրկվում նաև մեկական ներկայացուցիչ հանրային խորհրդից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից և Երևանի պետական համալսարանի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնից։
Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումը հավանելու կամ մերժելու վերաբերյալ որոշումներն ընդունվում էին գաղտնի քվեարկությամբ՝ ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի մեկ երկրորդի մասնակցությամբ։
Ինչն էր սխալ համակարգում
Համակարգը բազմաթիվ թերություններ ուներ, որոնք պարբերաբար մատնանշվել են Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կողմից: Դրանցից առավել կարևորները կարելի է խմբավորել ըստ հետևյալ հատկանիշների՝ գլխավոր որոշում կայացնողներ, անմիջական շահառուի՝ ազատազրկված անձի ներգրավվածությունը գործընթացում և գնահատման չափանիշներ:
Ինչպես կարելի է հեշտությամբ եզրահանգել վերոգրյալից, ամբողջ գործընթացում հսկայական էր քրեակատարողական հիմնարկի դերակատարությունը: Վարչակազմն էր որոշում, թե որ ազատազրկվածի փաստաթղթերն ուղարկել անկախ հանձնաժողով, ինչպես բնութագրել նրան և կարող էր ըստ սեփական հայեցողության շեշտադրել ազատազրկվածների թույլ կամ ուժեղ կողմերը: Բացի այդ, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կարող էր էականորեն ներազդել յուրաքանչյուր դատապարտյալի գործին կարգապահական տույժերի միջոցով, որոնց առկայությունն իչիք էր դարձնում ամբողջ գործընթացը:
Բացի այդ, անկախ հանձնաժողովն երբեք լիիրավ կազմով չէր հանդիպում դատապարտյալին քրեակատարողական հիմնարկում, ստանում էր արդեն իսկ «զտված» գործեր և ի զորու չէր երաշխավորել մրցակցային գործընթաց, որի դեպքում դատապարտյալը հնարավորություն կստանար պաշտպանել իր շահերը հանձնաժողովի, իսկ հետագայում նաև դատարանի առջև: Հանձնաժողովի որոշումները պատշաճ հիմնավորված չէին և գլխավորապես հիմնված էին ազատազրկման ընթացքում անձի վարքագծի վերաբերյալ տեղեկանքների վրա:
Ավելին, դատապարտյալի ռիսկերը գնահատելիս որոշում կայացնող և ոչ մի մարմին հաշվի չէր առնում ազատազրկվածի կարիքները: Քննարկելով պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությունը՝ որոշում կայացնողները և մասնագետները գնահատում էին անձի անցյալին վերաբերող գործոնները, այն է՝ նրա վարքագիծն ազատազրկման ընթացքում և հանցագործության ծանրությունը: Սակայն, անհրաժեշտ է նաև հաշվի առնել ապագային վերաբերող գործոնները՝ հետազատման պայմանները և վերահսկողությունը, ինչը հնարավորություն կտա անձին ինտեգրվել հասարակություն և կերաշխավորի հանրության անվտանգությունը: Վերջինս ապահովելու համար հատուկ կարևորություն ունեն արդյունավետ պրոբացիոն ծառայությունները, հետազատման անհատական պայմանները և վերահսկողության եղանակը:
2017 թ.-ի փետրվարին ներկայացված և մարտի 1-ից աստիճանաբար գործարկված Պրոբացիայի պետական ծառայությունը, ինչպես նաև քրեական արդարադատության ոլորտի բարեփոխման ընդհանուր գործընթացը Հայաստանում զգալի փոփոխությունների հանգեցրին:
Ինչ փոխվեց
Իրավամբ փոփոխությունները նշանակալի էին:
Առաջինը՝ քրեակատարողական հիմնարկների դերակատարությունը հասցվեց նվազագույնի: Յուրաքանչյուր իրավախախտի դեպք ուղարկվում է անկախ հանձնաժողովին՝ պարտադիր դիտարկման: Որոշումն ընդունելուց հետո իրավախախտն ինքն է որոշում՝ ուղարկել այն դատարան, թե սպասել ևս 3 ամիս անկախ հանձնաժողովի հաջորդ լսումներին: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի իրավասությունը սահմանափակվում է հակիրճ փաստաթղթի պատրաստմամբ, որը պետք է օգնի անախ հանձնաժողովին պատասխանել երկու հարցի. 1) արդյոք թեկնածուն դրսևորել է լավ վարքագիծ 2) արդյոք ցածր է կրկնահանցագործության ռիսկը:
Բարեփոխումը դարձավ առաջին փորձը ներգրավելու փաստաբանների, որոնք կներկայացնեն իրավախախտին անկախ հանձնաժողովի առջև, իսկ հետագայում նաև դատարանում:
Իրավախախտները, իրենց հերթին, ավելի ակտիվ դերակատարություն են ստանում ամբողջ գործընթացում և ներգրավված են լինում գործընթացի բոլոր փուլերում:
Նախատեսվում էր բարձրացնել անկախ հանձնաժողովի անդամների մասնագիտացվածությունը և համապատասխանությունը՝ հիմք ընդունելով նրանց մասնագիտական պատրաստվածությունը և ոչ թե աշխատանքի վայրը:
Կարգապահական տույժը, կրկնահանցագործությունը, աշխատանքի բացակայությունը կամ նման այլ բացասական գործոններն առանձին-առանձին այլևս ինքնին պատճառ չէին անկախ հանձնաժողովի կողմից դրական որոշում չկայացնելու համար: Օրենքը թվարկում է մի շարք նման ազդեցություն ունեցող գործոններ, սակայն դրանցից և ոչ մեկը նշված չէ որպես առանձնահատուկ կարևորություն ունեցող որոշում կայացնելու համատեքստում:
Հանձնաժողովի կողմից որակական որոշման համար անհրաժեշտ է 4 անդամի միանման քվերակություն (նախկինում լինում էին իրավիճակներ, երբ բավարար էր միայն երկու ձայն):
Անկախ հանձնաժողովի կազմում են ընդգրկվել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնավորապես քրեական արդարադատության ոլորտում ակտիվները. անդամներից մեկն էլ գործուղվել է հանձնաժողով Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կողմից:
Ինչու չի գործում
Վերոգրյալի համատեքստում կարելի է առանձնացնել մի շարք պատճառներ, թե ինչու բարեփոխումները չթիրախավորեցին Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգին առնչվող մի շարք կարևոր խնդիրներ:
Քրեակատարողական հիմնարկի կողմից ներկայացվող տեղեկատվությունը շարունակում է մնալ ազատազրկվածի վերաբերյալ տեղեկատվության գլխավոր աղբյուրն անկախ հանձնաժողովի, իսկ հետագայում նաև դատարանի համար:
Թեև ուժի մեջ է մտել անկախ հանձնաժողովի կողմից Պրոբացիայի պետական ծառայությունից դատապարտյալի ռիսկերի և կարիքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության հարցման վերաբերյալ դրույթը, մեր ունեցած տեղեկություններով, այն երբեք չի կիրառվել: Միաժամանակ, գործի վերաբերյալ այլ աղբյուրներից տեղեկատվության բացակայության պատճառով հանձնաժողովի անդամներն իրենց կարծիքը ձևավորում են բացառապես քրեակատարողական հիմնարկի աշխատակազմի կողմից ներկայացվող տեղեկատվության հիման վրա: Մինչդեռ առկա են մի շարք ռիսկեր. առաջինը՝ հանձնաժողովը չի կարող վստահ լինել, որ տեղեկատվությունն ամբողջական և ճշգրիտ է: Երկրոդը՝ հիմնավոր որոշում կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության հիմնական մասը պարզապես բացակայում է: Այդպիսի տեղեկատվություն է, օրինակ, տվյալներ արտաքին աշխարհում ազատությունից զրկված անձի իրավիճակի, նրա ընտանիքի, աշխատանքի հնարավորությունների, սոցիալական միաջավայրի, ֆինանսական իրավիճակի և այլնի վերաբերյալ:
Անկախ հանձնաժողովի անդամների մեծամասնությունը պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ են (Առողջապահության նախարարություն, Նախագահի աշխատակազմ, Արդարադատության նախարարություն, Կրթության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ), և նրանց համար բարդ է տարանջատել իրենց պետական օրակարգից:
Հանձնաժողովի աշխատանքը չի փոխհատուցվում: Այն լրացուցիչ ավելորդ ծանրաբեռնվածություն է ներգրավված փորձագետների համար, և նրանք որևէ կերպ շահագրգռված չեն ներդնել իրենց ժամանակը և փորձն այս գործում: Իսկ եթե պետությունը հետաքրքրված է ներգրավել մասնագետների, նման մոտեցումն արդարացված չի կարող լինել: Հանձնաժողովի շրջանակում իրականացվող աշխատանքը կազմում է փորձագետի աշխատանքային ժամանակի նշանակալի մասը, և այն փաստը, որ թեև ՀԿ ոլորտի ներկայացուցիչները համաձայնել են կատարել մասնագիտական աշխատանք՝ հաշվի առնելով այն մեծագույն ակնկալիքները, որը մենք ունենք այս գաղափարի հետ կապված, կարծում ենք, որ նման գործունեությունը պետք է փոխհատուցվի: Հակառակ դեպքում ՀԿ-ները հնարավորություն չեն ունենա վարձակալել հատուկ այդ նպատակով պատասխանատուներ, ինչը նշնակում է, որ այս աշխատանքը պետք է համատեղվի մեկ այլ վարձատրվող աշխատանքի հետ, ինչն անխուսափելիորեն բացասաբար կանդրադառնա ծառայության որակի վրա:
Ազատազրկվածները մինչ օրս լիարժեք չեն գիտակցում, թե ինչպես կարող են ներազդել գործընթացին, չեն օգտագործում գործընթացի հնարավոր երաշխիքները (ինչպիսին է, օրինակ, իրավաբանական օգնության հնարավորությունը) և ընդհանուր առմամբ շատ պասիվ դերակատարություն ունեն պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում:
Իրավական դաշտը չի պահանջում անկախ հանձնաժողովից հիմնավոր կարծիք՝ ազատազրկվածի պայմանական վաղաժամկետ ազատմանը հավանություն տալու կամ այն մերժելու գործոնների և պատճառների համապարփակ վերլուծությամբ: Անկախ հանձնաժողովի հիմնավոր կարծիքի բացակայությունը, իր հերթին, խոչընդոտում է արդյունքների կանխատեսելիությանը և փաստացի չի օգնում դատավորներին ընդունելու հիմնավոր որոշում գործընթացի վերջին փուլում:
Ակնհայտ է պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք ունեցող անձանց մեծամասնության վերականգնման հնարավորությունների նկատմամբ հավատի բացակայությունը, ինչպես նաև համընդհանուր բնույթ է կրում կրկնահանցագործության ցանկացած աստիճանի ռիսկ ունեցող անձին ազատելու համար պատասխանատվություն կրելու խուսափողականությունը:
Եվ վերջապես, մի շարք թերություններ բացատրվում են այն փաստով, որ հանձնաժողովի նորանշանակ անդամների համար չի կազմակերպվել ներածական դասընթաց, որը կծանոթացներ նրանց պայմանական վաղաժամկետ ազատման գործող համակարգի էթիկ և իրավական առանձնահատկություններին, ինչպես նաև ազատված անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հարցում պրոբացիայի ծառայության դերակատարությանը:
Այսպիսով, անկախ հանձնաժողովների միջև միասնական մոտեցման և առաքելության, ինչպես նաև աշխատանքի հիմնարար սկզբունքների ընկալման բացակայությունը հանգեցնում է հակասական և անհետաևողական իրողության: Բացասական հետևանքներից է նաև սերտ կապի և համագործակցության բացակայությունը հիմնական դերակատարների միջև՝ հանձնաժողովների, դատավորների, պրոբացիայի և քրեակատարողական հիմնարկների աշխատակազմերի:
Ինչպես կարող ենք տեսնել, թվարկված որոշ խնդիրներ չեն կարող անհապաղ լուծվել, մինչդեռ որոշները բոլոր շահագրգիռ կողմերի միասնական գործողության հարց են ընդամենը»:
Սույն հրապարակումը պատրաստվել է «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության՝ «Խոշտանգումների և վատ վերաբերմունքի նվազեցումը Հայաստանում և Վրաստանում կանխարգելիչ մշտադիտարկման մեխանիզմների հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում՝ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է բացառապես հեղինակը, և այն որևէ ձևով չի արտահայտում ֆինանսավորող կողմի կամ «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության տեսակետները։