Քրեական գործերը հարուցվում են իսկ խոշտանգողներն անպատիժ են մնում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մարտի 13-ին հայտարարություն տարածեց այն մասին որ  2 քրեական գործը է հարուցվել պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ։

Այս մասին հայտարարություն է տարածել Քաղաքացիական հասարակության ինստիտուտը։

Առաջին դեպքում գործը հարուցվել է   ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Է. Ա.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ 01.01.2018թ.-ին Հրազդան քաղաքում անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրեն ու քրոջը: Նույն օրը ոստիկանության աշխատակիցներն իրենց բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին` պահանջելով հայտնել, թե ովքեր են իրենց ծեծի ենթարկել: Երբ Է. Ա.-ն ասել է, որ նրանց չի ճանաչում, ոստիկանները, չհավատալով վերջինիս, հայհոյանքներ են տվել և ծեծի ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Իսկ երկրորդ դեպքի մասին ասվում է, որ քաղաքացի Վ. Բ.-ն ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ Երևան քաղաքում գործող հյուրանոցային համալիրում Ց. Խ.-ն անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին: Ց. Խ.-ն էլ, իր հերթին, հաղորդում է տվել, որ Վ. Բ.-ի ահազանգով նշված հյուրանոց ժամանած ոստիկանության աշխատակիցներին պարզաբանել է, որ ինտիմ բնույթի ծառայություններ մատուցելու համար Վ. Բ.-ին գումար է տվել, սակայն վերջինս ծառայություն չի մատուցել, իսկ գումարը դնելով կոշիկի մեջ` փորձել է հեռանալ: Այնուհետև, երբ Ց. Խ.-ն հյուրանոց ժամանած ոստիկաններից պահանջել է Վ. Բ.-ի կոշիկից հանել գումարը և արձանագրել վերջինիս կողմից իրեն խաբելու փաստը, ոստիկանության աշխատակիցները վրդովվել են իրենց ուղղություն տալու հանգամանքից և վիճաբանություն հրահրել: Այդ ընթացքում հիշյալ ոստիկանները ծեծի են ենթարկել Ց. Խ.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Միջադեպի հաջորդ օրը վերջինս ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցներից պահանջել է իրենից հաղորդում ընդունել ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ, սակայն նրանք հրաժարվել են հաղորդումն ընդունելուց:

Առաջին դեպքում և երկրորդ դեպքերում ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու մասով հատուկ քննչական ծառայությունը գործ է հարուցել 309-րդ հոդվածի 2-րդ մասով որը մասնավորապես ասում է․

« Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձին և զուգորդվել են բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով։ Արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»

Հատուկ քննչական ծառայությունը տարիներ շարունակ հենց այս հոդվածն է ընտրում ոստիկանների կամ քննիչների բռնության դեպքերը որակելիս։ Անգամ նման «դասական» դեպքերում երբ փաստերը համապատսխանում են խոշտանգում հասկացությանը նրանք խուսափում են կիրառել համապատասխան հոդվածը։ Նախկինում սա պատճառաբանվում էր նրանով, որ խոշտանգման հոդվածը մեր օրենսդրությունում թերի է։ Սակայն հարկ է հիշեցնել, որ 2015թ.-ի հունիսի 9-ին Քրեական օրենսգրքում ավելացվեց 309.1 հոդվածը՝ խոշտանգումը, որը պաշտոնատար անձի կողմից, նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելն է՝ տեղեկություն, խոստովանություն ստանալու կամ պատժելու նպատակով:

Այժմ երբ խոշտանգում հասկացությունը ամբողջովին համապատասխանեցված է ՄԱԿ-ի սահմանմանը ինչու՞ է ՀՔԾ-ն խուսափում կիրառել այս հոդվածը ։

Նախ, որովհետև խոշտանգման հոդվածը շատ ավելի խիստ է վերջինիս համար նախատեսված է 4-8, իսկ ծանրացուցիչ հանգամանքների դեպքում ՝( երկու կամ ավելի անձանց նկատմամբ, անչափահասի հղի կնոջ նկատմամբ, առանձնակի դաժանությամբ ևայլն) 7-12 տարվա ազատազրկում:

Եվ երկրորդ մարդիկ ովքեր դատապարված են խոշտանգման հոդվածով հետագայում չեն կարող ազատ արձակվել համաներմամբ։ Սա է միջազգային չափանիշների պահանջը, որոնց միացել է նաև Հայաստանը։

ՀՀ քրեական օրենսգրքի լրացումից ի վեր 309.1-րդ հոդվածի հատկանիշներով 2015թ.-ին խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ 106 քրեական գործ, որոնցից 1 քրեական գործ է հասել դատարան: 68 քրեական գործի վարույթ կարճվել է, որոնցից 2-ը՝ հանցագործության դեպքի, իսկ մնացած 66-ը՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով: Իսկ 2016թ.-ին ՀՔԾ-ում քննվել է խոշտանգումների վերաբերյալ 104 քրեական գործ և կրկին միայն 1-ն է հասել դատարան։

2017 թ-ից  մինչ օրս  309.1 հոդվածով Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում որևէ քրեական գործ չկա:

Սա խոսում է այն բանի մասին, որ խոշտանգման գործերը չեն բացահայտվում և խոշտանգողները անպատիժ են մնում։ Իսկ այն բացառիկ դեպքերում էլ, երբ խոշտանգման դեպքերը հաստատվում են և դատարանը մեղադրական վճիռ է կայացնում, դա լինում է ոչ թե խոշտանգման հոդվածով այլ պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածով: Ինչն էլ հնարավորություն է տալիս պետությանը իր հովանավորյալների համար արտոնյալ պայմաններ ստեղծել՝ նրանց պայմանական վաղաժամկետ ինստիտուտի կամ համաներման միջոցով  ազատ արձակել։ Օրինակ ինչպես դա եղավ Ռոբերտ Հովսեփյանի գործով։ Քաղաքացուն դաժանորեն ծեծի ենթարկելու և լուրջ մարմնական վնասվածքներ հասցնելու համար 2013 թվականի հոկտեմբերի 11-ին դատարանը մեղավոր ճանաչեց Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Բախբուդարյանին և Բարսեղյանին իրենց մեղսագրվող արարքները կատարելու մեջ և դատապարտեց ընդհանուր առմամբ 3 տարվա ազատազրկման: Վերջիններս հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեցին համաներման կիրառմամբ։

ՀՀ իշխանությունների հայտարարություններն ու խոստումները պայքարել խոշտանգումների դեմ, բացառել այն, բարձրացնել վստահությունը ոստիկանության նկատմամբ զրոյանում են և չեն կարող ունենալ արժեք, երբ փաստացի խոշտանգողները անպատիժ են և ազատության մեջ։

Սույն հրապարակումը պատրաստվել է «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության՝ «Խոշտանգումների և վատ վերաբերմունքի նվազեցումը Հայաստանում և Վրաստանում կանխարգելիչ մշտադիտարկման մեխանիզմների հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում՝ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է բացառապես հեղինակը, և այն որևէ ձևով չի արտահայտում ֆինանսավորող կողմի կամ «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության տեսակետները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել