ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի տներից մեկից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է:
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։
Նախնական տվյալներով՝ 2018 թվականի մարտի 26-ին՝ ժամը 06:05-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բացել են Գյումրի քաղաքի բնակիչներից մեկի տան հեռակառավարվող դուռը և փորձել հափշտակություն կատարել: Միջադեպը նկատած մեկ այլ քաղաքացի ահազանգել է ոստիկանություն, ինչի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել ոստիկանության աշխատակիցը, ում գործողությունների արդյունքում կանխվել է գողությունը։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը փորձել է դիմադրություն ցույց տալ ոստիկանության աշխատակցին, ով իրեն ամրակցված զենքից կրակոց է արձակել և վնասազերծել նրան։ Գողության փորձ կատարած անձանցից մեկին հաջողվել է դեպքի վայրից դիմել փախուստի, իսկը մյուսը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի, 316-րդ հոդվածի հատկանիշներով, ոստիկանության աշխատակիցը և տան տերը ճանաչվել են տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Մեկ անձ ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած մյուս անձին հայտնաբերելու, դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: