Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում խցանումների նվազեցման, ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման և բեռնաթափման հնարավորություններն ու խնդրի լուծմանն ուղղված առաջարկություններ են ներկայացվել:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ քաղաքի տարբեր, հատկապես՝ խիստ ծանրաբեռնված հատվածներում ստորգետնյա կայանատեղիների կառուցման, անցումների վերանորոգման և շահագործման հնարավորությանը, անվճար, բարեգործական երթուղների համար կոնկրետ կայանատեղերի սահմանմանը, հետիոտնի կողմից փողոցների կամայական հատվածները չհատելու նպատակով արգելապատնեշների կառուցման առաջարկություններին: Զեկուցվել է, որ Ճանապարհային ոստիկանության կողմից հետևողական աշխատանքներ են իրականացվում ուսումնական հաստատությունների, հասարակական վայրերի ճանապարհահատվածներում 2-րդ երթևեկելի գոտիներում տրանսպորտային միջոցների կայանման խնդրի լուծման ուղղությամբ. նախատեսվում է այդ նպատակով տարբեր հատվածներում տեղադրել նաև տեսախցիկներ: Երթևեկությունը կարգավորելու նպատակով ՃՈ-ի կողմից քաղաքի առայժմ ծայրամասերում իրականացվում է լուսացույցերի նոր համակարգի պիլոտային ծրագիր, որը նախնական գնահատականներով գործում է արդյունավետ և հնարավոր է առաջիկայում դրանց կիրառումը ընդլայնել:
Վարչապետ Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է մանրամասն վերլուծել ներկայացված բոլոր տարբերակներն ու ներկայացնել երթևկության արդյունավետ կառավարմանը և քաղաքի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված վերջնական առաջարկություններ: