Նախագահը և վարչապետը պետական պարգևներով պարգևատրվելու հնարավորություն էլ չեն ունենա

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը այսօր՝ մարտի 22-ին,  քննարկեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ խմբակցությունն առաջարկել էր սահմանել, որ պետական պարգևներով չեն կարող պարգևատրվել Հայաստանի Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը և Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո կառավարությունը նախագծում որևէ փոփոխություն չի կատարել, իսկ նախագծի վերաբերյալ միակ առաջարկը ներկայացրել է ՀՅԴ խմբակցությունը, սակայն այն չի ընդունվել:

Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞, արդյոք, ՀՀ վարչապետին պարգևատրելու լիազորություն սահմանել ՀՀ նախագահի համար, որին Արթուր Հովհաննսիյանը պատասխանեց. «Այսինքն՝ մենք չենք կարող նախագահի համար նման լիազորություն սահմանել, քանի որ պարգևատրումը պետք է բացառապես միջնորդավորված լինի, ինչ-որ մեկը պետք է միջնորդի, որպեսզի նախագահը պարգևատրի, իսկ տվյալ դեպքում վարչապետի պարգևատրման համար միակ միջնորդողը հենց ինքը վարչապետն է, ուստի մենք այդ արգելքը դրել ենք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել