«ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի աշխատակիցը դատական հայց է ներկայացրել ընդդեմ բանկի

Քաղաքացի Սոնա Մ․-ն 2016 թ-ին ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի հայց է ներկայացրել դատարան։ Քաղաքացիական հայցը բանկից հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին էր։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Դեռևս 2015 թ-ի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից քննվող քաղաքացիական գործով կայացված, բողոքարկված և օրինական ուժ ստացած վճռի համաձայն՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին պարտավորեցվել է հայցվորին վճարել երեխայի ծննդյան կապակցությամբ առաջացած անաշխատունակության նպաստը և նախկինում չվճարված ամենամյա վճարովի արձակուրդները։

Վերացվել է նաև 2013-ին բանկի կողմից  ընդունած հրամանը, որով Սոնա Մ․-ի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել էր։ Վճռի համաձայն` Սոնա Մ․-ին վերականգնել են նախկին աշխատանքում, որպես ավագ մասնագետ՝ անորոշ ժամկետով: Աշխատանքի սկսելու ամսաթիվ է համարվել 2015 թ-ի հունիսի 20-ը։

Նշենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվում է աշխատողի նախաձեռնությամբ, իսկ նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` գործատուի նախաձեռնությամբ։ Իսկ նույն օրենսգրքի 265 հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան:

Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են:

Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

Դատարանը արձանագրել է, որ Սոնա Մ․-ն սկսած 2013թ-ի սեպտեմբեր ամսից մինչև 2015 թ-ի հունիս ամիսը գտնվել է հարկադիր պարապուրդում՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ոչ իրավաչափ գործողությունների հիմքով։ Համաձայն սրա, դատարանը գտել է, որ պատասխանող «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն պարտավոր է իր աշխատակցին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի՝ սկսած 04.09.2013 թվականից մինչև 2015 թվականի համար օրենքով սահմանված միջին աշխատավարձը:

Հայցը մասնակի է բավարարվել։ Նրա օգտին բանկից բռնագանձվել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար օրենքով սահմանված կարգով հաշվարկվող միջին աշխատավարձը։ Իսկ դատական ծախսերի համար պահանջված գումարի՝ 330․000 դրամի փոխարեն, որը վճարված է եղել հայցվորի փաստաբանին, բռնագանձվել է 80.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար։

2017 թ-ի սեպտեմբերին «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը Վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոք է ներկայացրել, ինչը դատարանը վերադարձրել է, քանի որ վերաքննիչ բողոքին կից կրկին ներկայացվել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից 10.05.2017 թվականին Ռուբեն Բալասանյանին տրված լիազորագրի գունավոր լուսապատճենը, ինչը չի կարող դիտվել որպես վերաքննիչ բողոքը ստորագրելու լիազորությունը հավաստող լիազորագիր այն հիմնավորմամբ, որ պատճեն է:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել