Ո՞րն է ապահովված իրավունքը

«ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 17.12.2014թ. ընդունված ՀՀ Օրենքի համաձայն՝ ապահովված իրավունքը օրենքի կամ պայմանագրի ուժով, ի ապահովումն պարտավորության կատարման, գույքի կամ գույքային իրավունքի կամ պարտավորական իրավունքի նկատմամբ պարտատիրոջ իրավունքն է:

Ապահովված իրավունքի առարկան կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք, բացառությամբ շրջանառությունից հանված գույքի, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների, ներառյալ՝ ալիմենտի, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների, պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն, և այն իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով:

Ապահովված իրավունքը տարածվում է նաև այն գույքի վրա, որն ուղղակի կամ անուղղակի առաջանում է ապահովված իրավունքի առարկայի օգտագործումից, տիրապետումից կամ տնօրինումից, ինչպես նաև ապահովված իրավունքի առարկայի ապահովագրական փոխհատուցումից, բացառությամբ օրենքով և պայմանագրով սահմանված դեպքերի:

Ապահովված իրավունքը ծագում և գործում է պարտավորության ծագման պահից մինչև պարտավորության պատշաճ կատարումը:

Ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի նկարագրությունը լինում է ընդհանուր կամ որոշակի: Այն դեպքում, երբ ապահովված իրավունքի առարկան հնարավոր է որոշել որոշիչ կամ նկարագրական հատկանիշներով, ապա ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրությունը պարտադիր է:

Ապահովված իրավունքի առարկայի վրա առանց դատարան դիմելու բռնագանձումն իրականացվում է ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքով սահմանված կարգով, եթե՝

  1. դա նախատեսված է պայմանագրով, կամ
  2. առկա է ապահովված անձի (պարտատիրոջ) և պարտապանի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:

Ապահովված իրավունքի առարկայի վրա դատական կարգով բռնագանձումն իրականացվում է ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի պահանջներին համապատասխան։

Իրավաբան.net

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել