Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման համար հրապարակել է «Գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով օտարելու վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնին տրամադրելու կարգը սահմանելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծը:
Նշենք, որ 2018թ-ի հունվարի 8-ին ուժի մեջ է մտել ««Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել է, որ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը ֆիզիկական անձանց պատկանած գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով հարկային գործակալներին օտարելու վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին, որի կարգը սահմանվում է ՀՀ արդարադատության նախարարի հրամանով:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ սա անհրաժեշտություն է առաջացնում որպեսզի ընդունվի «Գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով օտարելու վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնին տրամադրելու կարգը սահմանելու մասին» արդարադատության նախարարի հրաման:
«Գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով օտարելու վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնին տրամադրելու կարգը սահմնելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) սահմանվել են՝
- Ծառայության կողմից Կոմիտեին անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրելու ժամկետը.
- տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը.
- տեղեկատվության տրամադրման եղանակը:
Հավելենք, որ նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
Ալիսա Չիլինգարյան