Ռուսական «Мир24» Հեռուստաընկերության կայքից տեղեկանում ենք, որ Յակուտսկի բնակիչները չհասցրեցին հավաքել թռչող ինքնաթիռից թափված ոսկու ձուլակտորները: Դրանք թափվում էին «Կուպոլ» ոսկու հանքավայրից Կրասնոյարսկ թանկարժեք մետաղներ տեղափոխ «Ան-12» ինքնաթիռի բեռնախցից։
Ինքնաթիռը վառելիք վերալիցքավորելու համար վայրէջք էր կատարել Յակուտսկի օդանավակայանում: Սակայն օդ բարձրանալուց անմիջապես հետո բեռնախցի բացված դռնից թռիչքուղու վրա սկսեցին ոսկու ձուլակտորներ թափվել։ Ըստ հաղորդման պատճառը այն էր, որ ձուլակտորները պահող ամրանները վատ էին ամրացված։
Ինքնաթիռում գտնվող մոտ ինը տոննա ոսկուց մոտավորապես մեկ երրորդը թափվել էր: Այդ քանակությամբ ոսկու արժեքը միլիոնավոր ռուբլիների է հասնում։ Ականատեսները նաև պնդում էին, որ երկնքից, ոսկու ձուլակտորներից բացի, պլատին և ադամանդներ են թափվել։
Ոստիկանությունը շատ արագ շրջափակել է ամբողջ տարածքը և խիստ հսկողություն սահմանել, որից հետո հավաքվել են բոլոր թափված ձուլակտորները որոնցից յուրաքանչյուրը կշռել է 20 կիլոգրամ։
«Ամբողջ բեռը հավաքվել է, ուստի ապահովագրության հարց չի բարձրացվում։ Կցանկանայինք նաև նշել, որ ինքնաթիռում գտնվել են անձնակազմի 7 անդամներ և ոսկի արդյունահանող ընկերության 2 ներկայացուցիչ։ Նրանցից ոչ ոք չի վնասվել», – հաղորդել են Kinross Gold ընկերությունից։