«Հայաէրոնավիգացիա» և ««Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ները միացան

«Հայաէրոնավիգացիա» և ««Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները միացման ձևով կվերակազմակերպվեն: Այս մասին գործադիրն այսօր՝ մարտի 15-ին կայացած նիստի ժամանակ որոշում ընդունեց։

Կառավարության անդամներին հարցը ներկայացրեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

Նա նշեց, որ ներկայումս ՀՀ օդային տարածքում և ՀՀ օդանավակայաններում աերոնավիգացիոն սպասարկումն իրականացվում է ներքո թվարկված 4 ծառայությունների մատուցման միջոցով՝

  1. Օդային երթևեկության կազմակերպում (ATM, Air Traffic Management);
  2. Կապ Նավիգացիա Դիտարկում
  3. Աերոնավիգացիոն Տեղեկատվական Ծառայություն
  4. Մետեո սպասարկում

Առաջին երեք սպասարկումները իրականացվում են «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության կողմից, չորրորդը՝ «Զվարթնոց օդերևութաբանական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից:

Աերոնավիգացիոն սպասարկման շրջանակներում թռիչքների ապահովմանն ուղղված բոլոր տիպի տեղեկատվությունը, այդ թվում օդարևութաբանական  տվյալների, տրամադրումն օդանավերի թռիչքային անձնակազմերին անմիջականորեն իրականացվում է «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության կողմից, ուստի վերջինս ավիաընկերությունների կողմից ճանաչվում է որպես աերոնավիգացիոն սպասարկում իրականացնող և դրա համար պատասխանատու կողմ: Սակայն իրավաբանական տեսանկյունից ավիաընկերություններն աերոնավիգացիոն սպասարկումներ ստանալու և դրանց դիմաց համապատասխան վճարներ կատարելու համար պայմանագրեր են կնքում երկու տարբեր իրավաբանական անձանց հետ, որոնք միաժամանակ հանդիսանում են 100% պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններ:

Նման փոխհարաբերությունների ձևաչափն ավիաընկերությունների մոտ տարաբնույթ հարցեր և տարաձայնություններ են առաջացնում, ինչը խոչընդոտում է դրական և կառուցողական փոխհարաբերությունների ձևավորմանը:

Գլխավոր վարչությունը համարում է, որ օդային երթևեկության կազմակերպում, կապ, նավիգացիա, դիտարկում և օդերևութաբանական սպասարկման, ինչպես նաև աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություն մատուցման գործառույթները մեկ մարմնին վերապահելը կնպաստի կառավարման և ֆինանսական արդյունավետության բարձրացմանը, կապահովի տեխնիկական միջոցների ժամանակին համահունչ զարգացումը, ինչպես նաև թռիչքային անվտանգության միասնական համակարգի կիրառումը: Մեկ մարմնի կողմից նշված ծառայությունների մատուցումը հնարավորություն կտա կիրառելու «Մեկ պատուհանի» սկզբունքը, ինչը կձևավորի դրական և կառուցողական փոխհարաբերություններ ավիաընկերությունների հետ:

Արդյունքում օդերևութաբանական ծառայությունների սակագինը կներառվի աերոնավիգացիոն ծառայությունների գործող սակագնի մեջ, պահպանելով «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության կողմից ներկայումս սահմանված սակագինը, ինչն իր հերթին կնպաստի օդային փոխադրումների սակագների նվազեցմանը, ինչպես նաև ՀՀ փոքր ավիացիայի շրջանակներում ներքին օդային փոխադրումների զարգացման նախադրյալների ստեղծմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել