Արգելվում է պետական հիմնարկների աշխատակիցներին օգտագործել նախընտրական քարոզչության համար

Կառավարությունը ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նոր օրենքի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին:

Առաջարկվում է 23 հոդվածը նախընտրական քարոզչության սահմանափակումների վերաբերյալ լրացնել նոր կետով:

«Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների, օգտագործելը`

1) հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս կամ  ի պաշտոնե հանդես գալիս.

2) պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս  կամ ի պաշտոնե հանդես գալիս.

3) դատավորներին, դատախազներին, քննչական մարմիններում, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, պրոբացիոն ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողներին, զինծառայողներին.

4) ընտրական հանձնաժողովների անդամներին.

5) բարեգործական եւ կրոնական կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին.

6) օտարերկրյա քաղաքացիներին եւ կազմակերպություններին, քաղաքացիություն չունեցող անձանց.

7) Մարդու իրավունքների պաշտպանին.

8) Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին.

9) Հաշվեքննիչ պալատի անդամներին.

10) Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներին.

11) ինքնավար մարմինների անդամներին»,-նշված է նախագծում։

Ազգային ժողովի պատգամավորին եւ անմիջականորեն՝ ընտրողների կողմից ընտրված համայնքների ղեկավարներին եւ ավագանու անդամներին չի արգելվում քարոզչություն կատարելը կամ քարոզչական նյութ տարածելը` բացառելով վերոնշյալ վարչական ռեսուրսների օգտագործումը:

Հանրային ծառայող հանդիսացող թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են հետևյալ սահմանափակումների հաշվառմամբ.

1) արգելվում են թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցությանը, կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը՝ ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար.

2) արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային եւ կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների։

Նոր կետով կլրացվի նաև օրենսգրքի 51-րդ հոդվածը:

«5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է որոշում կայացնել առանձին համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունը՝ որպես փորձարարական ծրագիր, տեխնիկական սարքավորումներով կազմակերպելու եւ անցկացնելու մասին: Փորձարարական ծրագիր իրականացնելիս՝ պայմանավորված տեխնիկական սարքավորման կամ տեխնոլոգիական առանձնահատկություններով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է սահմանելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության կազմակերպման և անցկացման եւ արդյունքների ամփոփման նոր կարգ»:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել