Ըստ հաղորդումների` ոստիկանության պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքը, անցել պաշտոնեական լիազորություններն ու բռնություն գործադրել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Այսպես, Վ. Բ.-ն ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ Երևան քաղաքում գործող հյուրանոցային համալիրում Ց. Խ.-ն անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին: Ց. Խ.-ն էլ, իր հերթին, հաղորդում է տվել, որ Վ. Բ.-ի ահազանգով նշված հյուրանոց ժամանած ոստիկանության աշխատակիցներին պարզաբանել է, որ ինտիմ բնույթի ծառայություններ մատուցելու համար Վ. Բ.-ին գումար է տվել, սակայն վերջինս ծառայություն չի մատուցել, իսկ գումարը դնելով կոշիկի մեջ` փորձել է հեռանալ: Այնուհետև, երբ Ց. Խ.-ն հյուրանոց ժամանած ոստիկաններից պահանջել է Վ. Բ.-ի կոշիկից հանել գումարը և արձանագրել վերջինիս կողմից իրեն խաբելու փաստը, ոստիկանության աշխատակիցները վրդովվել են իրենց ուղղություն տալու հանգամանքից և վիճաբանություն հրահրել: Այդ ընթացքում հիշյալ ոստիկանները ծեծի են ենթարկել Ց. Խ.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Միջադեպի հաջորդ օրը վերջինս ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցներից պահանջել է իրենից հաղորդում ընդունել ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ, սակայն նրանք հրաժարվել են հաղորդումն ընդունելուց:

Կատարվում է նախաքննություն:

Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Է. Ա.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ 01.01.2018թ.-ին Հրազդան քաղաքում անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրեն ու քրոջը: Նույն օրը ոստիկանության աշխատակիցներն իրենց բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին` պահանջելով հայտնել, թե ովքեր են իրենց ծեծի ենթարկել: Երբ Է. Ա.-ն ասել է, որ նրանց չի ճանաչում, ոստիկանները, չհավատալով վերջինիս, հայհոյանքներ են տվել և ծեծի ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել