Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի մասնակցությամբ Հանրային խորհրդում այսօր տեղի է ունեցել «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպմանը մասնակցել են Հանրային խորհրդի անդամները՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ և ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը:

Ներկայացնելով օրենքի նախագծի հիմնական սկզբունքները՝ փոխնախարար Քոչարյանը ներկաներին հավաստիացրել է, որ Հանրային խորհրդին առընթեր նոր ձևավորվելիք ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող մարմնի կարգավիճակը օրենքի նախագծով ոչ թե նվազում, այլ ճիշտ հակառակը՝ ենթաօրենսդրական ակտով ստեղծվող մարմնից վերաճում է օրենքի ուժով ստեղծվող խորհրդակցական մարմնի:

Այնուհետև, հաջորդել է օրենքի նախագծի առանձին դրույթների վերաբերյալ հանդիպման մասնակիցների հարցուպատասխանը, իսկ քննարկման ավարտին առաջիկայում կրկին հանդիպելու և, անհրաժեշտության դեպքում, մտահոգություն ներկայացնող բոլոր հարցերը շահագրգիռ կողմերի հետ վերստին քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել