ՏԻՄ ընտրություններին մասնակցել է  ընտրողների 44.91 տոկոսը կամ 10 246 ընտրող

Հայաստանի 7 մարզերի 20 համայնքներում այսօր՝ մարտի 11-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նախնական տվյալներով, մասնակցել է  ընտրողների 44.91 տոկոսը կամ 10 246 ընտրող։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից:

Մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Դեբետ համայքում՝  74.35 տոկոս կամ 487 ընտրող։ Երկրորդ տեղում Նորամարգ համայնքն է, որտեղ ընտրություններին  մասնակցել է ընտրողների 61,58 տոկոսը կամ 989 ընտրող։ Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Դաշտ եւ Մեծամոր համայնքներում, որտեղ ընտրություններին մասնակցել են ընտրողների շուրջ 28 տոկոսը։

 Նշենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, եւ ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում: Նշված 20 համայնքներից 4-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ 10 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 19 թեկնածուներից 8-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 9-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ 2-ը` Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել