2018 թվականի մարտի 9-ին տեղի է ունեցել «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փաստաբանական միությունների և իրավաբանական համայնքների ընթացիկ մարտահրավերները և համագործակցության հնարավորությունները» խորագրով համաժողով: Համաժողովը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայի փաստաբանների միությունների և իրավաբանական համայնքների խորհրդի (CCBE) կողմից` Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակներում:
Այս մասին տեղեկացնում են Փաստաբանների պալատից։
Համաժողովը Հայաստանում իրականացվող առաջին նման միջոցառումն է: Այս միջոցառմանը մասնակցում էին Մոլդովիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Չեխիայի, Լեհաստանի ներկայացուցիչները:
Բացման խոսքով հանդես են եկել Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, և CCBE-ի փոխնախագահ Ռանկո Պելիկարիչը:
Նրանք կարևորել են միջոցառման կազմակերպումը՝ մաղթելով փաստաբաններին առողջ և արդյունավետ քննարկումներ: Համաժողովի հիմնական թեմաներն էին «Փաստաբանի և դատարանի միջև հարաբերությունները, դատարանի նկատմամբ հարգալից վերաբերմունքը», «Տեղեկատվության պաշտպանությունը» և «Էթիկայի կանոնների շրջանակը. անձնական, սոցիալական և մասնագիտական ասպեկտները»:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մասնավորապես նշել է, որ Փաստաբանների պալատն արդեն մի քանի տարի է հանդիսանում է CCBE դիտորդ անդամ, CCBE-ն միավորում է մեծ թվով փաստաբանների, փորձում է նրանց խնդիրների լուծման ուղիներ գտնել: Նա նշել է, որ ակնկալում է համակողմանի բաց քննարկումներ:
CCBE փոխնախագահ Ռանկո Պելիչարիչը նշել է, որ մեծ պատիվ է իր համար լինել Երևանում և մասնակցել կարևոր թեմաների անդրադարձող այս խորհրդաժողովին: Նրա խոսքով՝ պետք է քաջալերել երկխոսությունը դատական համակարգի բոլոր մասնակիցների միջև: «Երկխոսությունը և փաստաբան-դատավոր-արդարադատության նախարարություն համագործակցությունը պարտադիր պայման է, որ լրացուցիչ լուծումներ գտնվեն դատական համակարգում»,- ասել է նա:
«Դատավորը պետք է լինի անկողմնակալ, իսկ փաստաբանը՝ կողմնակալ»,- այսպես է սկսել իր ելույթը CCBE-ի PECO հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Բալիկը: Փաստաբանն, ըստ Բալիկի, պետք է դատավորից անկախ ու անվախ պաշտպանի իր վստահորդի շահերը՝ մի կողմ թողնելով իր շահերը, իր անձի համար հնարավոր հետևանքները, կեղծ տեղեկություն պետք է չտրամադրի: Պարոն Բալիկը չթաքցնելով իր հիացմունքը խոսել է Մխիթար Գոշի ներկայացրած դատավորի կերպարի մասին, որն արդիական է նաև այսօր:
Իռլանդիայի իրավաբանների համայնքի Ուսումնական գծով փոխտնօրեն, ԵԽ միջազգային փորձագետ Ջեֆրի Շենոնը նշել է, որ դատական համակարգի հանդեպ վստահությունը քննադատությունից զերծ պահելով չի ձևավորվում: Բանախոսի ներկայացմամբ ժողովրդավարությունը գնահատվում է նրանով, թե որքանով ես կարողանում քո երկրում խոցելի խմբերի իրավունքները պաշտպանել: Նա կարևորել է դատավորների հանդեպ հաշվետվողականության կիրառումը: Շենոնը նշել է, որ Իռլանդիայում, օրինակ, դատական խորհրդի մասին օրենք են ուզում ընդունել, որ հաշվետվողականություն կապահովի թե՛ փաստաբանների, թե՛ դատավորի համար, քանի որ փաստաբանները գիտեն՝ ում են իրենք հաշվետու, իսկ դատավորների դեպքում երբեմն հարց է առաջանում՝ ու՞մ են հաշվետու նրանք:
Քննարկելով փաստաբանական գաղտնիքի հիմնահարցերը՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանը նշել է, որ Փաստաբանական գաղտնիքի բնորոշումը մեր օրենսդրության մեջ ընդհանուր առմամբ չի տարբերվում եվրոպական ձևակերպումներից:
«Վերջերս Հայաստանում ընդունվեց անձնական տվյալների մասին նոր օրենք, որը նաև հնարավորություն ընձեռեց փաստաբանական գաղտնիքը կարգավորել փաստաբանության մասին և այլ օրենքներով, այսինքն՝ այստեղ ևս սահմանափակելու հնարավորություն կա: Ցավոք, թե բարեբախտաբար հետխորհրդային երկիր ենք և տոտիկ-տոտիկ ենք անում մշակույթի առումով և փաստաբանության, շատ հարցերում փորձում ենք նույնիսկ հավասարվել մեր եվրոպական գործընկերներին, բայց միևնույն է՝ այդ փորձի կարիքը շատ ունենք»,- ասել է նա: Սեդրակ Ասատրյանը նշել է, որ Հայաստանում նոր-նոր են ձևավորվում փաստաբանական գրասենյակները, մեծ գրասենյակներ դեռ չկան, փաստաբանները հաճախ աշխատում են միայնակ, առանց գրասենյակի:
Նա նկատել է, որ միայնակ աշխատող փաստաբանների դեպքում առավել հեշտ է փաստաբանական գաղտնիք պահելը:
Նա տեղեկացրել է, որ պետական մարմինները ևս դեռ լավ չեն պահպանում պետական գաղտնիքը և եթե նրանց պատճառով այդ գաղտնիքը դուրս է գալիս հրապարակ, հետո դժվար է հասկանալ և ապացուցել՝ արդյո՞ք փաստաբանի պատճառով է այդ գաղտնիքը հրապարակայնացվել, թե՞ պետական մարմինների, որտեղ լուրջ խնդիր կա՝ գաղտնիքի պահպանման առումով, հատկապես՝ բիզնես ոլորտում:
Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Արա Ղազարյանը , անդրադառնալով ՄԻԵԴ վճիռներին, նշել է, որ «ՄԻԵԴ-ն էլ փաստաբանին համարում է միջնորդ դատարանի և հասարակության միջև հետևաբար նա ունի կարևոր դերակատարություն դատարանի հեղինակությունը հասարակության աչքերում բարձրացնելու հարցում։ Բայց միևնույն ժամանակ հասարակությունը պետք է հավաստիանա, որ փաստաբանը կատարում է իր առաքելությունը»:
Համաժողովի երկրորդ մասում գործընկերները քննարկել են փաստաբանական էթիկայի շրջանակը, անձնական սոցիալական և մասնագիտական կողմերը, ԵԽ անդամ պետությունների գործելակերպերը: Ելույթներով հանդես են եկել ԵՓԻՄԽ-ի Վարքագծի մոդելային կոդեքսի հանձնաժողովի նախագահ Եջեյ Կլատկան, Ջեֆրի Շենոնը և ՀՀ փաստաբանների պալատի առաջին տեղակալ Էմիլ Ամիրխանյանը:
Միջոցառման եզրափակիչ մասում ՀՀ փաստաբանական դպրոցի և Իռլանդիայի փաստաբանական դպրոցի միջև ստորագրվել է փոխգործակցության հուշագիր:
Հ.Գ. Հաշվի առնելով քննարկման նյութի ծավալը, լրացուցիչ կներկայացվեն համաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մասին տեղեկություններ՝ ըստ առանձին թեմաների: