Մարտի 11-ին ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ մարտի 3-ին Երևանի Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել: Նույն օրը նշված հասցեում հայտնաբերվեց տանտիրոջ դին՝ գլխի և դեմքի բազմաթիվ վնասվածքների հետքերով: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների լայնածավալ միջոցառումների արդյունքում, ժամեր անց Վարդաշենի 9-րդ փողոցից, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվեց Վարդաշենի 9-րդ փողոցի բնակիչ Ֆելիքս Վարդանյանը: Պարզվել է, որ մարտի 3-ին Վարդանյանը Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանել է բնակարանատիրոջ հետ, բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել գլխին և դեմքին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: