Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռուբեն Բունիաթյանի նախագահությամբ քննվում էր «Սի Պի Էս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ն հայցը «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ի՝ 688.000 ՀՀ դրամ գումարի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով (դրամական պարտավորությունը չկատարելու համար) սահմանված տոկոսների հաշվեգրման ու բռնագանձման պահանջի մասին:
Դտարանը գտել է սակայն, որ հայցադիմումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի համաձայն` դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:
ՀՀ սնանկության մասին ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից արգելվում է պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով որևէ քաղաքացիական կամ վարչական գործի վարույթի սկսումը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով:
Կոնկրետ դեպքում հայցվոր «Սի Պի Էս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ի:
Դատական տեղեկատվական www.datalex.am համակարգի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ 19.12.2016թ. թիվ ԵԱՔԴ/0462/04/16 սնանկության գործով կայացված վճռով «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ և սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Խաչիկ Նազարյանը, որպիսի պայմաններում գտնում եմ, որ սույն հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման»,-նշված է պատճառաբանությունում:
Այսպիսով, «Սի Պի Էս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ի՝ 688.000 ՀՀ դրամ գումարի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների հաշվեգրման ու բռնագանձման պահանջի մասին հայցադիմումի ընդունումը մերժվել է:
Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:
Որոշումը կայացվել է 2017 թվականի մարտին:
Վերաքննիչ դատարանում որոշումը չի բողոքարկվել:
Եվգենյա Համբարձումյան