Դանակահարության համար արժանացավ 5 տարվա ազատազրկման. դատավճիռ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը անհատ ձեռնարկատեր Թաթուլ Գևորգյանին մեղավոր է ճանաչել երկու անձի նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար և դատապարտել 5 տարվա ազատազրկման: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ ըստ մեղադրանքի, 2017 թվականի սեպտեմբերի 21-ին, օրվա ընթացքում, իր անձնական օգտագործման «Հոնդա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենայով Երևանից որոշակի գումարի դիմաց քաղաքացիներ է տեղափոխել Սյունիքի մարզի Մեղրի համայնք, ինչը տարաձայնություն և վրդովմունք է առաջացրել Երևան-Մեղրի մասնավոր ուղևորափոխադրումներով զբաղվող Հրաչ Վարդանյանի մոտ: Նույն օրը` ժամը 23:40-ի սահմաններում, Մեղրի համայնքի ՀՀ ԿԱ ՊԵԿ «Մեղրի» մաքսակետի դարպասների դիմաց, նշված հարցը պարզաբանելու նպատակով նրա և Հրաչ Վարդանյանի միջև զրույցը վերաճել է վիճաբանության, որին ներկա են եղել վերջինիս ընկերներ Սամվել Մկրտչյանն ու Վոլոդյա Ստեփանյանը:

Զրույցի ընթացքում Թաթուլ Գևորգյանը երկու կամ ավելի անձանց մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, տաբատի գրպանից հանած ծալովի դանակով դիտավորյալ մեկ անգամ հարվածել է Ս. Մկրտչյանի կրծքավանդակի ձախ շրջանին՝ առաջացնելով ծակած-կտրած ձախակողմյան հեմոպնևմոթորաքս թափանցող վերք, վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող, այնուհետև նույն դիտավորությամբ երկու անգամ նշված դանակով հարվածել է Վ. Ստեփանյանի որովայնի աջ շրջանին, առաջացնելով լյարդի աջ բլթի, մեծ ճարպոնի, բարակ աղու միջընդերքի վնասում, վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող, որից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի:

Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում: Դատարանը բավարարել է միջնորդությունը:

Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առել պատիժ նշանակելու պահին խնամքի տակ մինչև 14 տարեկան երկու երեխայի առկայությունը, մեղայականով ներկայանալը, տուժողների վարքագծի հակաօրինականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը, կատարած հանցագործության համար իրեն լիովին մեղավոր ճանաչելն ու անկեղծորեն զղջալը, հանցագործությունը բացահայտելուն աջակցելը` ներկայացրել է հանցագործության գործիքը:

Ամբաստանյալը բնութագրվում է դրականորեն, ընտանիքի միակ կերակրողն է, ամբողջությամբ վճարել է դատական ծախսերը և տուժողները հայտնել են, որ ամբաստանյալից պարտք ու պահանջ չունեն և խնդրել են նրա նկատմամբ մեղմ վերաբերվել:

Դատավճիռը կայացվել է փետրվարի 22-ին և ենթակա է բողոքարկման 1 ամսվա ընթացքում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել