Պարտավորությունը խախտած պարտապանը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառած վնասները: Այս մաին սահմանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 409-րդ հոդվածը:
Արդյունքում պատճառված վնասները որոշելիս նկատի են առնվում պարտապանի կողմից պարտատիրոջ պահանջը կամովին բավարարելու օրն այն վայրում գոյություն ունեցող գները, որտեղ պարտավորությունը պետք է կատարվեր, իսկ, եթե պահանջը կամովին չի բավարարվել, ապա` դատարանի վճռի կայացման օրը գոյություն ունեցող գները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով:
Բաց թողնված օգուտը որոշելիս հաշվի են առնվում այն ստանալու համար պարտատիրոջ ձեռնարկած միջոցները և այդ նպատակով կատարված նախապատրաստությունները:
Եթե պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար սահմանված է տուժանք, ապա վնասները հատուցվում են տուժանքով չծածկված մասով:
Օրենքով կամ պայմանագրով կարող են նախատեսվել դեպքեր, երբ`
1) թույլատրվում է բռնագանձել միայն տուժանքը, սակայն ոչ` վնասները.
2) վնասները կարող են բռնագանձվել լրիվ գումարով` չհաշված տուժանքը.
3) պարտատիրոջ ընտրությամբ կարող են բռնագանձվել կա’մ տուժանքը, կա’մ վնասները:
Այն դեպքերում, երբ պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար սահմանված է սահմանափակ պատասխանատվություն, տուժանքով չծածկված մասով կամ դրանից ավելի կամ դրա փոխարեն հատուցման ենթակա վնասները կարող են բռնագանձվել մինչև նման սահմանափակմամբ որոշված շրջանակներում:
Ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ:
Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը:
Կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Պայմանագրով նախատեսված տոկոսի չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած` բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա սույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում:
Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության դրամի և օտարերկրյա այն արժույթների համար, որոնցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետությունում կատարում է գործառնություններ:
Ուրիշի միջոցներից օգտվելու համար տոկոսները գանձվում են մինչև այդ միջոցների գումարը պարտատիրոջը վճարելու օրը, եթե տոկոսների հաշվեգրման ավելի կարճ ժամկետ սահմանված չէ պայմանագրով:
Պարտավորությունը անպատշաճ կատարելու դեպքում տուժանք վճարելը և վնասներ հատուցելը պարտապանին չեն ազատում պարտավորությունը բնեղենով կատարելուց:
Եվգենյա Համբարձումյան