ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է Երևանի դպրոցներից մեկի բակում զենքի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպի շարժառիթը, մասնակիցների շրջանակը:
2018 թվականի փետրվարի 28-ին` ժամը 21:30-ի սահմաններում, երկու քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել առ այն, որ Երևան քաղաքի դպրոցներից մեկի բակում հնչել են կրակոցներ: Ըստ քաղաքացիների՝ դպրոցի բակից լսվել են կրակոցի և աղմուկի ձայներ, դեպքի վայրում եղել են բազմաթիվ անձինք, ովքեր կրակոցներից հետո հեռացել են: Ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած իրավապահները զննության ժամանակ դպրոցի բակում հայտնաբերել են ռետինե պարկուճ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որով նախաքննությունը մարտի 2-ից կատարվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արդյունքում պարզվել է, որ դպրոցի բակում վիճաբանել են մի խումբ երիտասարդներ՝ մասնավոր հարցերի շուրջ։ Վիճաբանությունը վերաճել է քաշքշուկի, որի ժամանակ էլ մասնակիցներից մեկը գազային ատրճանակից կրակոց է արձակել։ Վերջինիս ինքնությունը պարզվել է, ով ներգրավվել է որպես կասկածյալ և հարցաքննվել դեպքի շուրջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Կասկածյալը ներկայացրել է այն գազային ատրճանակը, որով միջադեպի ժամանակ կրակել է։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: