Կստեղծվի ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ. նոր նախագիծ

Կստեղծվի ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ: Այս մասին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նախագիծ է տեղադրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Ներկայացված նախագծով կարգավորվում են ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի ձևավորման, խորհրդի խնդիրների և գործառույթների իրականացմանն ուղղված հարաբերությունները:

Խորհուրդն ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին կլինի:

Խորհուրդը ստեղծվում է լիազոր մարմնի ղեկավարին կից: Խորհրդի առաջին նիստը հրավիրում է լիազոր մարմնի ղեկավարը:

Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հանրապետության վարչապետը: Այն կազմված է 25 անդամից, ովքեր խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

Խորհրդի նախագահը ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի ոլորտը համակարգող                           լիազոր մարմնի ղեկավարի տեղակալն է:

Խորհրդի կազմում ընդգրկվում են՝ մեկական ներկայացուցիչ՝ լիազոր մարմնից,  առողջապահության նախարարությունից, կրթության և գիտության նախարարությունից, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից,  արդարադատության նախարարությունից, կառավարությանն առընթեր  ոստիկանությունից,  քննչական կոմիտեից,  գլխավոր դատախազությունից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ութ ներկայացուցիչ՝ ընտանիքում բռնության կանխարգելման  և  ընտանիքում բռնության  ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող  հասարակական կազմակերպություններից, օրենքով սահմանված հատուկ կառույցներից՝ լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ:

Կազմակերպությունների ներկայացուցիչները խորհրդի կազմում ընդգրվում են լիազոր մարմնի ընտրությամբ՝ երեք տարի ժամկետով:

Կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության գործընթացին կարող են մասնակցել Հա­յաս­տանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող, ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում առնվազն հինգ տարվա գործունեության փորձ ունեցող կազմակերպությունները, որոնց ներկայացուցիչները պետք է բավարարեն հետևյալ չափանիշներին՝

  • պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի.
  • ունենան բարձրագույն կրթություն.
  • ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության գործունեության ոլորտում ունենան առնվազն հինգ տարվա, իսկ տվյալ կազմակերպությունում առնվազն երեք տարվա գործունեության փորձ:

Ստորաբաժանումը կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության գործընթացը սկսելուց տասն աշխատանքային օր առաջ      հրապարակում է հայտարարություն: Հայտարարությունը հրապարակվում է առնվազն 1000 տպաքանակ օրինակ ունեցող մամուլում, ինչպես նաև լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում և https://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Խորհրդի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ: Խորհրդի նախագահի կամ  Խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ հրատապ լուծում պահանջող հարցերի քննարկման նպատակով կարող են հրավիրվել արտահերթ նիստեր:

Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը: Վերջինիս բացակայության դեպքում խորհրդի նիստերը վարում է նրա կողմից լիազորված խորհրդի անդամներից մեկը:

Խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի կազմի առնվազն 2/3-ը:

Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

Խորհրդի նախագահը`

1) ղեկավարում և կազմակերպում է խորհրդի աշխատանքը.

2) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը.

3) ապահովում է խորհրդի բնականոն գործունեությունը.

4) ստորագրում է խորհրդի արձանագրությունը.

5) ներկայացնում է խորհուրդն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում:

Խորհրդի անդամները`

1) իրավունք ունեն՝

ա. ներկայացնելու հարցեր՝ համապատասխան փատաթղթերով, խորհրդի օրակարգում ընդգրկելու նպատակով,

բ. ներկայացնելու առաջարկություններ խորհրդի գործունեության, ինչպես նաև նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ,

գ. խորհրդի որոշումների վերաբերյալ ներկայացնելու հատուկ կարծիք,

դ. ծանոթանալու խորհրդի նիստերի արձանագրություններին.

2) պարտավոր են՝

ա. մասնակցել խորհրդի աշխատանքներին,

բ. կատարել խորհրդի որոշումները և խորհրդի նախագահի հանձնարարականները:

Խորհրդի քարտուղարությունն իրականացնում է ստորաբաժանումը, որը`

  • նախապատրաստում է՝ խորհրդի  նիստի օրակարգը, օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.
  • խորհրդի նիստերին հրավիրում է խորհրդի անդամներին և հրավիրված անձանց, արձանագրում է խորհրդի նիստերը.
  • ապահովում է խորհրդի նիստի որոշումների նախագծերի կազմումը.
  • կազմակերպում է խորհրդի նիստի որոշումների տրամադրումը խորհրդի անդամներին.
  • հետևում է խորհրդի նիստի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել