Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 6-ին, տեղի ունեցավ կաշառք տալու մեջ մեղադրվող Բաբկեն Գասպարյանի, կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող փաստաբան Գայանե Գալոյանի և կաշառքը ընդունելու մեջ մեղադրվող ավագ քննիչ Միքայել Զադոյանի վերաբերյալ գործի քննությունը:
Դատական նիստի սկզբում Միքայել Զադոյանի պաշտպաններից մեկը՝ փաստաբան Հրանտ Անանյանը հայտարարեց, որ երկրորդ պաշտպան Սիմոն Ամիրխանյանը բացակայում է՝ վատառողջ լինելու պատճառով և խնդրում է վկաներին առանց իր ներկայության չհարցաքննել:
«Նրա վիճակը հանկարծակի է վատացել: Սիմոն Ամիրխանյանը խնդրեց նիստը հետաձգել, որովհետև ինքն էլ հարցեր ունի վկաներին տալու և չի ցանկանում, որ առանց նրա ներկայության նրանց հարցաքննեն»,-նշեց Հրանտ Անանյանը:
Նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը զգուշացրեց, որ սա վերջին դեպքն է, որ դատավարության կողմերից որևէ մեկի բացակայության պատճառով նիտը կհետաձգվի: Դատավորը բավարարեց Միքայել Զադոյանի պաշտպանի միջնորդությունը:
Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 23-ին, ժամը 12:00-ին:
Նշենք նաև, որ բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին ևս մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ), սակայն գործով նրա մասն անջատվել է:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գասպարյանը ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործով որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց, նշված քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին՝ ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք (1 միլոն 4000 հազար դրամ կամ 3000 ԱՄՆ դոլար):
Ըստ այդմ՝ փաստաբան Գայանե Գալոսյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա օժանդակել է Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստացող վերը նշված քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին:
Ավագ քննիչ Միքայել Զադոյանին մեղադրանք է առաջադրվել իր վարույթում քննվող քրեական գործով նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի հետ նախնական համաձայնությամբ Բաբկեն Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Եվգենյա Համբարձումյան