Կառավարության նիստի ժամանակ այսօր՝ մարտի 6-ին կքննարկվի մի քանի շինություններ քանդելու և փոխարենը ավտոճանապարհ կառուցելու հարցը։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում 2016թ. սեպտեմբեր ամսից իրականացվում են Ճանապարհի կմ 0+000-կմ 38+ 450 հատվածի վերակառուցման աշխատանքները:
Մ6 ծրագրի հողերի օտարման ու տարաբնակեցման ծրագրի համաձայն շինարարության ընթացքում ազդեցության է ենթակա ք.Վանաձոր, Լոռվա խճուղի 4/5 հասցեում գտնվող կոյուղու մաքրման կայանի գույքը՝ պարիսպը, արհեստանոցը և նկուղը, որը ամրացված է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Նշված գույքն ընդգրկված է կառավարության 2017թ. նոյեմբերի 9-ի N 1412-Ն՝ «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում որոշ տարածքների, գույքային իրավունքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշման հավելված 1-ով հաստատված ցանկերում և հավելված 2-ով սահմանված օտարման գոտում: ՀՀ շինարարական նորմերին և նախագծին համապատասխան ճանապարհահատվածի վերակառուցման համար, անհրաժեշտություն է առաջացել քանդել մաքրման կայանի տարածքում գտնվող 51.3ք.մ (9×6մ) մակերեսով արհեստանոց ծառայող շինությունը:
Ճանապարհի վերակառուցման պայմանագրով նախատեսվում է ճանապարհի շինարարությունն ավարտել 2018 թվականին, սակայն վերոնշյալ գույքի ապամոնտաժման պատճառով ճանապարհի նշված հատվածում ներկայում աշխատանքները դադարեցվել են։
Ճանապարհի տվյալ հատվածի աշխատանքները փոխկապակցված են պայմանագրով նախատեսված ամբողջ աշխատանքների հետ և դրանց դադարեցումը ազդում է ընդհանուր պայմանագրի կատարման ժամկետի վրա: Պայմանագրի կատարման ժամկետի խախտումները Կապալառուի համար կարող են առաջացնել անբարենպաստ ֆինանսական հետևանքներ (Պայմանագրով նախատեսված են տույժեր): Ընդհանուր առմամբ կտուժի ամբողջ Ծրագրի իրականացումը:
Ներկայացված նախագծով առաջարկվում է՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, թույլատրել պետական սեփականություն հանդիսացող ՀՀ Լոռու մարզի ք.Վանաձոր, Լոռվա խճուղի 4/5 հասցեում գտնվող մաքրման կայանի տարածքի 51.3 մ2 մակերեսով արհեստանոց-շինության քանդման աշխատանքների իրականացումը՝ հետագայում տարածքում նույն մակերեսով նոր արհեստանոց կառուցելու պայմանով:
Ալիսա Չիլինգարյան