Հարևան հողամասի սեփականատերը կամ օրինական տիրապետողը կարող է օգտագործել մյուս հարևանին սեփականության իրավունքով պատկանող բաժանագծի` իր հողամասին հարող ուղղահայաց մակերևույթն այնպես, որ չխաթարվի այդ բաժանագծի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի օգտագործման, այդ թվում՝ բաժանագիծը քանդելու իրավունքը։
Երկու հողամաս կամ այլ անշարժ գույք բաժանող ցանկացած բաժանագիծ սեփականատերերի համաձայնությամբ կամ դատարանի վճռով կարող է համարվել հարևանների ընդհանուր բաժնային սեփականություն, եթե այլ բան սահմանված չէ իրավահաստատող փաստաթղթերով, կամ եթե այն չի կառուցվել հարևաններից մեկի միջոցներով, կամ արտաքին որևէ հատկանիշից պարզ է դառնում, որ այն չի պատկանում հարևաններից մեկին:
Վերը նշված բաժանագիծը համարվում է գլխավոր անշարժ գույքի (գույքային միավորի) պատկանելիք, որը կարող է օտարվել կամ ծանրաբեռնվել միայն գլխավոր անշարժ գույքի հետ: Օրենքով սահմանված բաժնային սեփականության իրավահարաբերությունների նկատմամբ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 195-րդ հոդվածի կանոնները, այդ թվում՝ ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը:
Եթե հարևաններն ունեն Օրենքով սահմանված ընդհանուր բաժնային սեփականության իրավունք, ապա նրանցից յուրաքանչյուրը պարտավոր է`
- բաժանագիծն այնպես օգտագործել, որ չխոչընդոտի մյուսի ընդհանուր օգտագործումը,
- հավասարաչափ մասնակցել բաժանագծի պահպանման ծախսերին։
Ընդհանուր բաժնային սեփականություն համարվող բաժանագիծը կարող է քանդվել կամ փոխվել հարևանների փոխադարձ համաձայնությամբ:
Վերը նշված փոփոխությունները ուժի մեջ են մտել 2018թ. փետրվարի 1-ից:
Իրազեկման աղբյուրը՝ «ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ Օրենք (հոդված 1 ընդուված 25.10.2017թ.):