Նոր փոփոխություններ են կատարվել վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված հիմքերով դատարանն իրավունք ունի վարչական դատավարությանը մասնակցող անձանց, ներկայացուցիչների և դատական նիստին ներկա այլ անձանց վերաբերյալ:
Վերոնշյալ անձանց նկատմամբ կկիրառվեն՝
1) նկատողություն.
2) դատական նիստերի դահլիճից հեռացում.
3) դատական տուգանք:
Իսկ դատավորն անհրաժեշտության դեպքում հասկանալի ձևով նախազգուշացնում է դատական սանկցիա կիրառելու դատարանի իրավասության մասին, պարզաբանում դատական սանկցիա կիրառելու հիմքերը և հետևանքները:
Դատական նիստերի դահլիճում ներկա գտնվող անձի նկատմամբ սանկցիա կիրառելիս դատարանն անհրաժեշտության դեպքում նրան տալիս է արտահայտվելու հնարավորություն: Տուգանք կիրառելիս կամ վարչական դատավարությանը մասնակցող անձին դատական նիստերի դահլիճից հեռացնելիս արտահայտվելու իրավունք չտրամադրելը պետք է հիմնավորվի դատարանի կողմից:
Եթե անձն ընդունում է իր արարքի հակաիրավականությունը և հայցում դատարանի ներողամտությունը, ապա նշված անձի նկատմամբ դատական սանկցիա կարող է չկիրառվել:
Եթե նշված անձը արտահայտվելու իրավունքն օգտագործում է դատական սանկցիայի կիրառման հիմք հանդիսացող արարքը շարունակելու կամ նոր արարք կատարելու համար, ապա դատավորն իրավասու է այդ անձի նկատմամբ կիրառելու առավել խիստ դատական սանկցիա:
Եթե դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցը կամ դատական նիստին ներկա այլ անձը դատարանի նկատմամբ դրսևորել է այնպիսի վարքագիծ կամ կատարել է այնպիսի արարք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա նրա նկատմամբ դատարանը կիրառում է դատական սանկցիա և դիմում է դատախազին քրեական գործ հարուցելու միջնորդությամբ:
Վարչական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ դատական նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան մինչև տվյալ դատական նիստի ավարտը, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամանակահատվածով կամ որոշակի դատավարական գործողությունն ավարտելու ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը:
Դատական նիստերի դահլիճից հեռացումը չի կիրառվում դատավարության մասնակից դատախազի, որպես ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի, տվյալ պահին ցուցմունք տվող վկայի, փորձագետի և թարգմանչի նկատմամբ:
Դատական նիստերի դահլիճից հեռացված վարչական դատավարությանը մասնակցող անձի, նրա ներկայացուցչի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչև սանկցիայի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին:
Դատական նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարվելու դեպքում այն կատարվում է հարկադիր կարգով՝ դատական կարգադրիչների միջոցով:
Դատական տուգանքը կիրառվում է առավելագույնը 100.000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
Տուգանք կիրառելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, և դրա հիման վրա կազմված կատարողական թերթը ուղարկվում է հարկադիր կատարման, եթե ուժի մեջ մտնելու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, կամովին չի կատարվում:
Դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի կամ վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել համապատասխանաբար վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում: Բողոքարկումը կասեցնում է դատարանի որոշման կատարումը:
Նշենք, որ գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի նկատմամբ դատական տուգանքը որպես դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ դրույթները գործում են 2019 թվականի հունվարի 1-ից:
Օրենքը ընդունվել է փետրվարի 9-ին, սակայն ուժի մեջ է մտնում մարտի 15-ից:
Եվգենյա Համբարձումյան