Ծխելու անվտանգ մակարդակ գոյություն չունի. Վատիկանում արգելվել է ծխախոտի վաճառքը

Նոր հետազոտության տվյալները վկայում են, որ ծխելու անվտանգ մակարդակ գոյություն չունի։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:

Վերլուծելով ավելի քան 140 հետազոտության արդյունքները՝ բրիտանացի գիտնականները եզրակացրել են, որ օրական մեկ ծխախոտ օգտագործելու դեպքում անգամ սրտի և ուղեղի կաթվածի վտանգը մեծանում է համապատասխանաբար 50 և 30 տոկոսով։

Ծխողներից յուրաքանչյուրը, թերևս, կարծում է, որ այդ վտանգն իրեն չի սպառնում։ Բանն այն է, որ աշխարհում մեկ միլիարդ մարդ շարունակում է ծխել, իսկ ծխելու հետևանքով տարեկան մահանում է յոթ միլիոն մարդ։

Մարդիկ հիմնականում սկսում են ծխել մինչև 21 տարեկանը, իսկ հաճախ նույնիսկ դեռահաս տարիքում։

Թոքաբանների ամերիկյան ընկերակցությունը կոչ է արել ծխախոտ գնելու համար թույլատրելի տարիքը բարձրացնել մինչև 21 տարեկան։ Առայժմ ծխախոտի վաճառքի տարիքային շեմը բարձրացրել են հինգ նահանգում։

Աշխարհում ծխելու դեմ պայքարի բազմաթիվ միջոցներ են կիրառվում։ Հանրային առողջապահության մասնագետներն այն կարծիքին են, որ դժվար է ասել, թե ծխելու դեմ պայքարի միջոցներից որն է առավել արդյունավետ։ Դրանց համատեղ կիրառումը, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության և միջազգային այլ կառույցների մշակած հակածխախոտային քաղաքականությանը հետևելը հանգեցնում է դրական արդյունքի:

Նրանք, ովքեր իսկապես փորձում են թողնել ծխելը, կարող են կանխել ծխախոտի հետ կապված հիվանդությունների առաջացման վտանգը։

Եվրոպայում առաջին երկիրը, որտեղ արգելվել է ծխախոտի վաճառքը` Վատիկանն է։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի որոշմամբ 2018 թվականից այդ երկրում ծխախոտ չի վաճառվում։ Հավաստի տվյալներով ծխախոտի վաճառքից Վատիկանը տարեկան 10 մլն եվրո եկամուտ էր ստանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել