Նախատեսվում է կրճատել աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը

Կառավարությունը վաղը՝ մարտի 6-ին կայանալիք հերթական նիստի ժամանակ կքննարկի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված է, որ տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) 12 ամիս հետո աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում կենսաթոշակառուն պետք է ներկայացնի  տեղեկանք` կենսաթոշակը նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) հետո աշխատած լինելու մասին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2013 թվականի հունվար ամսից առկա է եկամտային հարկի անձնավորված հաշվառում, նպատակահարմար է պահանջվող տեղեկատվությունը ստանալ հարկային մարմնի կողմից վարվող անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է հանել աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում աշխատած լինելու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը:

Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում կկրճատվի աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում կենսաթոշակառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել