ՀՀ ԱՆ Արմավիր քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Շ.-ն փետրվարի 22-ին հաղորդում է տվել, որ նշված հիմնարկի տնտեսական մասի աշխատակիցը որոշ դատապարտյալների կողմից կատարած լավությունների դիմաց համապատասխան ստուգումներ չի իրականացրել:
Ա. Շ.-ն հայտնել է նաեւ, որ ՔԿՀ-ի հիշյալ աշխատակիցը գումարի դիմաց պարբերաբար հիմնարկ է անցկացրել արգելված իրեր եւ առարկաներ, այդ թվում` ոգելից խմիչք, բջջային հեռախոսներ, էլեկտրական սարքեր, որոնք տնտեսական բաժնում աշխատող դատապարտյալների միջոցով փոխանցվել են հիմնարկում պահվող կալանավորներին եւ դատապարտյալներին:
Դատապարտյալ Ա. Շ.-ն նշված հանգամանքների մասին փորձել է հայտնել իրավասու մարմիններին, սակայն նրանից բացատրություն չեն վերցրել, որի պատճառով ինքնավնասում է կատարել:
Վերը նշված դեպքի առթիվ Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են Արմավիր քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերեւույթ հանցագործության հատկանիշներ, ուստի այն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար: