Մանկավարժական կազմի աշխատողներին պետք է արգելել քարոզչությամբ զբաղվել. Գևորգ Պետրոսյան

Այսօր՝ մարտի 5-ին, Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկել է դպրոցներում մանկավարժական կազմի աշխատողներին արգելել քարոզչությամբ զբաղվել:

Նրա խոսքով՝  տնօրենը և ուսուցիչները  աշակերտների ծնողներին կանչում են դասերից հետո և  պատճառաբանում, որ  քարոզչությունը իրենց աշխատանքի ժամանակ չեն անում:

«Շատ ներողություն, ես, դուք կամ որևէ մեկս մեր աշխատաժամանակից դուրս դադարո՞ւմ ենք պատգամավոր լինելուց,  կարո՞ղ է՝  դպրոցի տնօրենն աշխատաժամանակից դուրս դառնում է  ձյունանուշիկ, կամ չգիտեմ ինչ: Նա նույն իր կարգավիճակն ու ազդեցությունը պահպանում է աշակերտի ծնողների նկատմամբ և ծնողները չեն ցանկանա շեղվել ցուցումներից: Այսինքն՝ պետք է կատեգորիկ արգելել մասնակցել ընտրությունների քարոզչության մեջ»,-նշել է պատգամավորը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ առաջարկն ընդունելի չէ, քանի որ երբ արգելք են դնում, այդպիսով մանկավարժներին զրկում են քաղաքական կյանքին  որոշակի առումով մասնակցության տեսանկյունից: Նրա խոսքով՝  մանկավարժը միայն դպրոցում է մանկավարժ և դպրոցից դուրս իր գործառույթներն իրականացնելիս ինքն ազատ է իր գործողությունների մեջ, եթե դրանք չեն ստվերում, կամ չեն արատավորում ուսումնական հաստատության հեղինակությունը:

Գևորգ Պետրոսյանի առաջարկին դեմ արտակայտվեց նաև հանձնաժողովի նախագահը՝ Գևորգ Կոստանյանը. «Եթե մանկավարժներին թույլ չտանք զբաղվել նախընտրական քարոզչությամբ, այդ տրամաբանությամբ, պետք է բուժանձնակազմին կամ այլ սոցիալական ծառայություն մատուցողներին ևս չթողենք նախընտրական քարոզչությանը մասնակցել»:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել