Ողջ քրեական հետապնդման ոլորտն անկարող է ազնիվ քննություն իրականացնել, եթե փորձագետները չեն մնում զուտ մասնագիտական գնահատականների սահմաններում. դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ: Այցի նկատակն էր ծանոթանալ հանրապետութան խոշորագույն փորձագիտական կենտրոնի տեխնիկական հագեցվածության,  քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից նշանակվող  փորձաքննությունների լիարժեքության և ամբողջականության ապահովմանը միտված տեխնոլոգիական և մեթոդոլոգիական զարգացման ներկայիս վիճակին և հեռանկարներին, ինչպես նաև Բյուրոյի ղեկավարության և փորձագետների հետ քննարկելու քրեական գործերով նշանակված փորձաքննությունների առավել շոշափելի արդյունքների ապահովմանը խոչընդոտող գործոնների վերացմանը վերաբերող հիմնախնդիրներն ու անելիքները:

Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

ՀՀ գլխավոր դատախազը շրջել է Բյուրոյի ստորաբաժանումներով, տեղում հետևել հատկապես ձեռքբերված նոր սարքավորումների միջոցով իրականացվող փորձաքննությունների ընթացքին, կենտրոնի փորձագետների հետ զրուցել առանձին նեղ ոլորտային ուղղություններով փորձաքննությունների առանձնահատկություններից: Արթուր Դավթյանին հետաքրքրել է մասնավորապես  ՀՀ դատախազության անմիջական նախաձեռնությամբ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ձեռքբերված և «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ին հանձնված՝ ծառի հատման վաղեմությունը որոշող և կոճղի հետ փայտանյութի նույնականացումն ապահովող՝ դենդրոխրոնոլոգիական փորձաքննության սարքի շահագործման արդյունավետությունը:

Բյուրոյի աշխատակիցների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ դժվար է գերագնահատել փորձագետների դերակատարումը քրեական գործերով լրիվ, ամբողջական և բազմակողմանի քննության ապահովման, հանցագործությունների բացահայտման վերջնարդյունքում արդարադատության իրականացման տեսանկյունից: Դրան զուգահեռ, սակայն, Գլխավոր դատախազը շեշտել է նաև ինչպես առանձին գործերով, այնպես էլ իրենց ունեցած քրեադատավարական դերակատարության, առաքելության նկատմամբ խորը պատասխանատվության զգացումը՝ նկատի ունենալով որ շատ դեպքերում հենց փորձաքննությունների արդյունքներն են բեկումնային նշանակություն ունենում քրեական գործերի արդյունքների համար՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական իմաստով:

«Ողջ քրեական հետապնդման ոլորտն անկարող է ազնիվ, օբյեկտիվ քննություն իրականացնել, եթե փորձագետներն իրենց եզրակացությունները կազմելիս չեն գտնվում բավարար չափով անաչառ և չեն մնում զուտ մասնագիտական գնահատականների սահմաններում: Հնարավոր է ապահովված լինել գերժամանակակից սարքավորումներով, սակայն դրանք որևէ արժեք չունեն, եթե փորձագետն առաջնորդվի բացառապես նեղ անձնական կամ ինչ-ինչ այլ շահերից, գործոններից ելնելով»: Հիշեցնելով կոռուպցիայի դեմ պայքարում որդեգրված մոտեցումները՝ որոնց գործադրումը որոշ դեպքերում հանգեցրել է նաև քրեական վարույթ իրականացնող մարմինների ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդման հարուցման՝ ՀՀ գլխավոր դատախազը հորդորել է մնալ բացառապես փորձաքննության օբյեկտի հետազոտման շրջանակում և հնարավոր կողմնակի ճնշումների գործադրման անգամ փորձերի դեպքում դրսևորել հաստատակամություն և անմիջապես տեղյակ պահել պատկան մարմիններին:

Արթուր Դավթյանը կարևորել է նաև փորձագետների մասնագիտական կարողությունների և որակական հատկանիշների շարունակական, համաշխարհային տեխնոլոգիական և մեթոդաբանական տենդենցներին համահունչ զարգացնելու, ինչպես նաև փորձաքննության լիարժեքությունն ու ճշգրտությունն ապահովելուն միտված սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ առանձնահատուկ նախաձեռնողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: «Բյուրոյի կողմից ցանկացած այնպիսի նախաձեռնությանը, որն ուղղված կլինի փորձաքննությունների որակի և որոշակիության բարձրացմանը, որոնք չափազանց կարևոր նշանակություն ունեն քննության անաչառության համար, նույնիսկ եթե դրանք վերաբերում են տեխնիկապես զինմանը, պատրաստ ենք աջակցելու մեր իրավասության սահմաններում»,-ասել է ՀՀ գլխավոր դատախազը:

Բացի դրանից, Արթուր Դավթյանը շեշտել է նաև կրիմինոլոգիական հետազոտությունների իրականացումը, որն էական նշանակություն կունենա քրեական քաղաքականությունը ճիշտ և նապատակային ուղղությամբ զարգացնելու առումով:

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ինչպես իրենց աշխատանքի և խնդիրների լուծման նկատմամբ դրսևորած ուշադրության, այնպես էլ որդեգրված ուղղություններով կենտրոնի կողմից իրականացվող փորձաքննությունների արդյունավետության, ճշգրտության մակարդակը բարձրացնելու հարցում դատախազության դրսևորած շահագրգռության համար:

Նա տեղեկացրել է, որ աշխատանքներ են իրականացվում համաշխարհային փորձագիտական հեղինակավոր կենտրոնների և կառույցների հետ համագործակցությունն ընդլայնելու, նրանց ներուժը Հայաստանում կիրառելու, արտերկրում կենտրոնի փորձագետների մասնագիտական կարողությունները զարգացնելու, նշանակվող փորձաքննությունների ժամանակակից գիտափորձնական մեթոդների, գիտատեխնիկական միջոցների մշակման, փորձարկման և ներդրման ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել