Ո՞ր դեպքում է հնարավոր մերժել հանցանք կատարված անձին հանձնելու մասին խնդրանքը

Հանցանք կատարած անձին հանձնելը /էքստրադիցիան/ այն պետությանը հանձնելն է, որի քաղաքացին է հանդիսանում հանցանք կատարած անձը կամ որի տարածքում կատարվել է հանցանքը: Պետությունների միջև կնքված պայմանագրերի և միջազգային կոնվենցիաների հիման վրա է իրականացվում հանցանք կատարած անձին հանձնումը: «Հանձնման մասին» 1957թ. Եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ պայմանավորվող կողմերը պարտավորվում են միմյանց հանձնել այդ կոնվենցիայի դրույթների և պայմանների համաձայն հանձնման ենթակա բոլոր այն անձանց, ում դեմ հայցող կողմի իրավասու մարմինները գործ են հարուցել, կամ որոնք հետախուզվում են վերոհիշյալ մարմինների կողմից դատավճռի ի կատար ածման կամ կալանավորման նպատակով: ՀՀ–ում հանձնման վերաբերյալ իրավակարգավորում ներառված է ինչպես ՀՀ քրեական օրենսգրքում, քրեական դատավարության օրենսգրքում, այնպես էլ՝ ՀՀ Սահմանադրությամբ:

Հանցագործություն կատարած անձի հանձնման մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից խնդրանք ստանալու դեպքում Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը միջոցներ են ձեռնարկում սույն օրենսգրքի 479-րդ հոդվածով սահմանված կարգով խնդրանքում նշված անձի հանձնման թույլտվություն ստանալու և քրեական պատասխանատվության ենթարկելու կամ նրա նկատմամբ դատավճիռն ի կատար ածելու նպատակով այդ անձին օտարերկրյա պետությանը հանձնելու ուղղությամբ։

Քրեական պատասխանատվության ենթարկելու առնչությամբ հանձնելը կատարվում է այնպիսի արարքների համար, որոնք խնդրանքն ուղարկած օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության օրենքներով համարվում են պատժելի, և որոնց կատարման համար նախատեսվում է պատիժ ազատազրկման ձևով՝ մեկ տարուց ոչ պակաս ժամկետով։

Դատավճիռն ի կատար ածելու առնչությամբ հանձնելը կատարվում է այնպիսի արարքների համար, որոնք խնդրանքն ուղարկած օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության օրենքով համարվում են պատժելի, և որոնց կատարման համար անձը դատապարտվել է ազատազրկման վեց ամսից ոչ պակաս ժամկետով։

ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում է նաև օտարերկրյա պետության իրավասու մարմնի խնդրանքի մերժման հնարավորություն։

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 488-րդ հոդվածի՝

Անձի հանձնման մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի խնդրանքի կատարումը մերժվում է, եթե՝

1) հանձնման վերաբերյալ խնդրանքը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի (սույն օրենսգրքի 475-րդ հոդվածի առաջին մաս) կողմից ստանալու պահին, խնդրանքը ներկայացնող օտարերկրյա պետության օրենքին համապատասխան, քրեական հետապնդում չի կարող հարուցվել, կամ դատավճիռը չի կարող ի կատար ածվել վաղեմության ժամկետն անցնելու պատճառով կամ այլ օրինական հիմքով.

2) անձի նկատմամբ նույն արարքի համար արդեն իսկ կայացվել է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում.

3) խնդրանքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանձնմանը.

4) հանձնման դեպքում, տվյալ օտարերկրյա պետության օրենքներին համապատասխան, կարող է նշանակվել մահապատիժ, և այդ պետությունը բավարար երաշխիքներ չի տալիս առ այն, որ հանձնելու դեպքում այդպիսի պատիժ չի նշանակվի և չի կիրառվի։

Անձի հանձնման մասին խնդրանքի կատարումը կարող է մերժվել, եթե անձը, որի հանձնելը հայցվում է՝

1) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում ձեռք է բերել քաղաքական ապաստանի իրավունք.

2) հետապնդվում է քաղաքական, ռասայական կամ կրոնական շարժառիթներով.

3) հետապնդվում է խաղաղ ժամանակ զինվորական հանցագործություն կատարելու համար.

4) հանցագործությունը կատարել է Հայաստանի Հանրապետության տարածքում։

Հանձնելը կարող է մերժվել նաև, եթե տվյալ օտարերկրյա պետությունը քրեական գործերով իրավական օգնության ոլորտում չի ապահովում փոխադարձությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել