Գլխավոր ռազմական տեսչության ստուգումների ամփոփում` ոստիկանության զորքերում

Փետրվարի 12-ից 24-ը ոստիկանության զորքերում անցկացվեցին Հայաստանի Հանրապետության Նախագահի Գլխավոր Ռազմական տեսչության պլանային ստուգումներ: Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի գլխավորությամբ ստուգվեցին Զորքերի գլխավոր վարչության և ենթակա զորամասերի մարտական պատրաստականության վիճակն ու մարտական խնդիրներ կատարելու ունակությունը, մարտական ծառայության կրման, ստորաբաժանումներում ուսումնադաստիարակչական աշխատանքների, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակը, վարչատնտեսական ծառայությունների գործունեությունը և այլն։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:

Փետրվարի 28-ին ամփոփվեցին տեսչական ստուգումների արդյունքները։ Մասնակցում էին Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, Գլխավոր ռազմական տեսչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը, ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, գլխավոր ռազմական տեսչության և ոստիկանության զորքերի սպաներ:
Ռազմական տեսչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը ներկայացրեց ստուգումների արդյունքները։ Նշվեց արձանագրված թերությունների մասին, քննարկվեցին դրանց վերացման եղանակներն ու ժամկետները։

Խորհրդակցության ավարտին, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչությանը՝ ստուգումների հետ մեկտեղ ոստիկանության զորքերին ցուցաբերած օգնության և օժանդակության համար, հավաստիացրեց, որ ստուգման արդյունքում ի հայտ եկած թերությունները կշտկվեն կարճ ժամանակում:

Գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանն անդրադարձավ վերջին տարիներին ոստիկանության զորքերում իրականացված էական և տեսանելի բարեփոխումներին, ընդհանուր առմամբ բարձր գնահատելով ստորաբաժանման ծառայությունը։ Առավել բարձր արդյունքներ ապահոված սպաներին և հրամանատարներին հայտնեց իր շնորհակալությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել