ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում նախատեսվող կառուցվածքային բարեփոխումներով պայմանավորված՝ իրականացվում է քննիչների հաստիքների համալրման գործընթաց: Այս մասին տեղեկանում ենք ազգային անվտանգության մամուլի ծառայությունից:
ՀՀ ԱԱԾ ՔՎ-ում քննիչների հաստիքները համալրելու համար կարող է դիմել՝ Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացին, ով.
1. ունի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորում,
2. անցել է պարտադիր զինվորական ծառայություն` բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն և հանձնել սահմանված քննություններ, ինչպես նաև սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերմամբ տարկետում ստացած և պահեստազորում գրանցված անձանց,
3. տիրապետում է հայերենին,
4.ֆիզիկական պատրաստականությամբ, մասնագիտական որակներով, առողջական վիճակով, բարոյական հատկանիշներով համապատասխանում է ազգային անվտանգության ծառայողին ներկայացվող պահանջներին:
Ազգային անվտանգության մարմինների առանձին պաշտոններում ծառայության անցնելու համար լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ բացառիկ դեպքերում կարող են ծառայության ընդունվել 30-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ:
ՀՀ ԱԱԾ ՔՎ-ում քննիչի պաշտոնին չի կարող հավակնել այն քաղաքացին, ով.
1. դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
2. դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից,
3. դատապարտվել է հանցագործություն կատարելու համար,
4. չի համապատասխանում «Ազգային անվտանգության մարմիններում» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին կամ ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
ՀՀ ԱԱԾ ՔՎ-ում քննիչների հաստիքները համալրելու համար թեկնածուները կարող են դիմումը ներկայացնել ՀՀ ԱԱԾ ընդունարան՝ ք.Երևան, Նալբանդյան 104 հասցեով. մանրամասների համար զանգահարել (010)589089 հեռախոսահամարով: