Ի՞նչ լիազորություններ ունի գույքի պետական ռեգիստրը. նոր նախագիծ

Անշարժ գույքի պետական ռեգիստրը մասնակցում է տարածքում անշարժ գույքի շուկայի բնագավառում ընդհանուր քաղաքականության մշակմանը և ապահովում է դրա իրականացումը, իրականացնում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, գույքի նկատմամբ իրավունքների, սահմանափակումների ճանաչման ու երաշխավորման նպատակով, գույքի նկատմամբ գույքային իրավունքի վերաբերյալ նախնական նշումը, գույքի վերաբերյալ տեղեկատվական համակարգի ստեղծումը, տեղեկատվության տրամադրումը և համակարգի գործունեության կառավարումն ու վերահսկումը, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ լիազորություններ: Այս մասին ամրագրված է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագծի մեջ:

Անշարժ գույքի պետական ռեգիստրի լիազորություններն են՝

1) գույքի (անկախ սեփականության ձևից) նկատմամբ իրավունքների, սահմանափակումների և օգտագործման նկատմամբ սահմանափակումների պետական գրանցման իրականացում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի հողային հաշվեկշռի կազմում.

3) անշարժ գույքի կադաստրային եւ տեղագրական քարտեզների ստեղծում, թվային կադաստրային եւ տեղագրական քարտեզների կազմում.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անշարժ գույքի կադաստրային գնահատում, հողի հարկի, գույքահարկի բազայի ստեղծում, բազմաբնույթ կադաստրների վարման նպատակով անշարժ գույքի` հողերի, շենքերի, շինությունների գնահատման մեթոդիկայի մշակմանը մասնակցություն.

5) անշարժ գույքի ծածկագրման (կոդավորման) համակարգի, պետական գրանցման ծածկագրերի մշակում ու ներդրում.

6) անշարժ գույքի պետական համակարգված դիտարկումների (մոնիտորինգ) կազմակերպում ու իրականացում, անշարժ գույքի շուկայի վերլուծություն եւ տեղեկատվության հրապարակում.

7) անշարժ գույքի եւ դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների մասին տեղեկատվական բանկի ստեղծում ու կառավարում, կադաստրային գործերի եւ պետական գրանցման փաստաթղթերի պահպանում.

8) Հայաստանի Հանրապետության տարածքում «Անշարժ գույքի գնահատում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգում, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության գործունեության բնագավառում հայտատուների որակավորման անցկացում, որակավորման վկայականների տրամադրում, դրանց գործողության կասեցում կամ դադարեցում.

9) համակարգում ավտոմատացված կադաստրի ներդրում.

10) անշարժ գույքի եւ դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության հավաստիության, ամբողջականության, մատչելիության, արդիականության եւ հրապարակայնության ապահովում.

11) իր իրավասության սահմաններում հողային հարաբերությունների կարգավորման, հողային քաղաքականության, հողային ռեսուրսների կառավարման սկզբունքների մշակմանը մասնակցություն` հողի նկատմամբ իրավունքների, հողի շուկայի ձեւավորման մասով.

12) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կազմման համար անշարժ գույքի մասին տեղեկատվության տրամադրում, կազմված նախագծերի եւ դրանց ճարտարապետահատակագծային առաջադրանքների մասին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում, եզրակացությունների տրամադրում.

13) իր իրավասության սահմաններում հողաշինարարական նպատակային ծրագրերի, հողերի միավորման նախագծերի մշակմանըմասնակցություն.

14) համակարգի եկամուտների եւ ծախսերի պլանավորում, հաշվապահական հաշվառման խնդիրների լուծում.

15) բնագավառի գործունեությունը կարգավորող օրենսդրական եւ այլ իրավական ակտերի նախագծերի, նորմատիվ փաստաթղթերի (պետական ստանդարտներ, հրահանգներ, մեթոդական ցուցումներ եւ այլն) մշակում.

16) անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկագրի հրապարակում.

17) Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի, տեղագրական քարտեզների, հանութային նյութերի եւ հատակագծերի հիման վրա պետական քարտեզագրական ֆոնդի ստեղծում ու կառավարում.

18) պետական գեոդեզիական ցանցի ստեղծման եւ պարբերաբար թարմացման աշխատանքների իրականացում, կոորդինատային, բարձունքային, գրավիմետրական չափումների միասնական համակարգի ձեւավորման ապահովում.

19) գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների իրականացման համար սահմանված կարգով թույլտվությունների տրամադրում եւ այդ աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացում.

20) աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկի եւ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման աշխատանքների ղեկավարում.

21) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված պետական վերահսկողության իրականացում.

22) օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:

Անշարժ գույքի պետական ռեգիստրը ղեկավարում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահը, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարությունը: Անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարն ունի տեղակալ, որին անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել