Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ տեղի կունենա Երթևեկության փոփոխություններ Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցում։
«Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի ջրահեռացման համակարգի վերակառուցման և հանգույցի թունելային հատվածի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով, ս/թ. մարտի 3-ից, ժամանակավորապես, 2 ամսով կդադարեցվի երթևեկությունը՝ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ:
Նշված ժամանակահատվածում, տրանսպորտային հանգույցի երթևեկության կազմակերպման սխեմայում տեղի կունենան հետևյալ փոփոխությունները.
- հանգույցի ստորգետնյա մասում՝ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա շարժման ուղղությամբ կազմակերպվելու է երկկողմ երթևեկություն, իսկ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ ուղղությամբ բաժանարար գոտուց աջ ընկած հատվածի ստորգետնյա երթևեկությունը դադարեցվելու է,
- հանգույցի վերգետնյա հատվածում թույլատրվելու է տրանսպորտային հոսքերի շարժումը բոլոր ուղղություններով, այդ թվում նաև ուղիղ՝ Մաշտոցի պողոտայի կողմից դեպի Հաղթանակի կամուրջ և հակադարձ՝ Հաղթանակի կամրջի կողմից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ: Միաժամանակ արգելվելու է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը հանգույցի վերգետնյա հատվածներում՝ «Մետրոպոլ» հյուրանոցի մոտից մինչև Գր. Լուսավորչի փողոց և Պարոնյան փողոցից մինչև Հաղթանակի կամուրջ ճանապարհահատվածներում:
Շինարարական աշխատանքների ընթացքում խցանումներից հնարավորինս խուսափելու համար, թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկում ենք երթևեկել Մաշտոցի պողոտա-Սարյան-Լեո-Պարոնյան փողոցներով կամ Մաշտոցի պողոտա-Մ.Խորենացու-Զաքյան (Իտալիայի) շրջանցիկ ճանապարհներով:
Նշված ժամանակահատվածում շինարարությունը ավարտելու նպատակով, աշխատանքները իրականացվելու են երկհերթ:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»,- ասված է քաղաքապետարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։