«Հայաստանի հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը:
Ազգային ժողովում ելույթ ունեցավ Արմեն Սարգսյանը: Ելույթի սկզբում նա իր հարգանքի տուրքը մատուցեց 2008 թվականի մարտի 1-ի զոհերին, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց ներկայիս նախագահին և Հանրապետական կուսակցությանը՝ վստահության համար: Թեկնածուն նախ առանձնացրեց հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները, այնուհետև անցավ հասարակության համար աղետալի երևութներին, որոնց վերացումը առաջնային խնդիր պետք է լինի բոլորի համար:
«Կոռուպցիան ավերիչ ազդեցություն ունի կյանքի բոլոր ոլորտների վրա: Այն խաթարում է օրինական և բնական հարաբերությունների ողջ շղթան, մարդու իրավունքը դարձնում առուվաճառքի առարկա: Ցավալի է նաև, որ հասարակությունը ընդհանուր դժգոհություն արտահայտելով առանձին դեպքերում կամ առանձին փաստերի նկատմամբ կարող է ունենալ, մեղմ ասած, հանդուրժողական վերաբերմունք: Վերջին տարիներին կառավարության կողմից իրականացվող մեծ, համակարգված և հետևողական աշխատանքը, որը ես գնահատում եմ, պետք է ունենա հանրային աջակցություն»,-նշել է Արմեն Սարգսյանը:
Արմեն Սարգսյանը անդրադարձավ նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտին. «Քաղաքացի լինելը այն եզակի ռեսուրսներից է, որ մեզ կձերբազատի ամեն ինչում մեղավորներ և պատասխանատուներ փնտրելու երևույթից… Հեռու չէ 2016 թվականի ապրիլը, երբ բոլորս դարձանք քաղաքացի և դուրս եկանք Արցախի պաշտպանությանը»:
Արմեն Սարգսյանը նաև անդրադարձավ մեր դեմոգրաֆիկ խնդիրներին, որոնցից առանձնացրեց 26 տարի շարունակ Երևանում բնակչության կենտրոնացվածությանը:
«Հայաստանը դեպի Երևան է սեղմվում, իսկ Երևանը դեպի Կենտրոն: Սա լուրջ խնդիր է, որին մենք պետք է ուշադրութոյւն սևեռենք: Որևէ լուծում առաջարկենք, կլինի դա հարկային արտոնություններ, ազգային ծրագրեր, քաջալերում, վարկային արտոնություններ: Մեր գյուղերը, սահմանամերձ գյուղերը կարոտ են այդ ուշադրությանը»,-նշեց Արմեն Սարգսյանը:
Եվգենյա Համբարձումյան