«Հայաստանի հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը:
Սակայն Արմեն Սարգսյանի ելույթից առաջ «Ելք» խմբակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց թեկնածուի կենսագրությունը ներկայացնող ՀՀԿ-ական պատագամավոր Վահրամ Բաղդասարյանին:
Պատգամավորը բարձրացրեց այն հարցը, որ Արմեն Սարգսյանը ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել, թե ե՞րբ է նախագահի թեկնածուն հրաժարվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից. «Մենք չունենք անգամ փաստաթուղթ, որ նա ՀՀ քաղաքացի է… Ես պահանջում եմ անհապաղ բերել այդ փաստաթղթերը»:
Վահրամ Բաղդասարյանը խնդրեց ԱԺ քարտուղարությանը ներկայացնել այդ բոլոր փաստաթղթերը պատգամավորներին:
Պատագամավոր Արարատ Միրզոյանը բարձրացրեց նաև այն հարցը, որ Սահմանադրության այն գլուխը, որով Ազգային ժողովը պետք է ընտրի նախագահին, դեռ ուժի մեջ մտած չի. «Սա լուրջ խնդիր է, այն հետո է ուժի մեջ մտնելու»:
«Դրա պատասխանը Ձեզ կտան սահմանադրագետները, եթե այն Ձեզ չբավարարի, ապա կարող եք դիմել Սահմանադրական դատարան»:
Եվգենյա Համբարձումյան