«Նաիրիտ-2»-ը կվաճառվի «Ա-Ս Ինվեսթմենթս» ՍՊԸ-ին

Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների  նախարարությանը 100 տոկոս բաժնեմասով պատկանող պետական մասնակցությամբ «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերությունն այսօր կվաճառվի։

Կառավարությունն այս մասին նախագծին հավանություն կտա այսօր՝ մարտին 1-ին կայանալիք նիստին։

Նշենք, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության` 100% պետական մասնակցությամբ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանում է ք. Երևան, Արտաշատի խճուղի 5/1 հասցեում գտնվող շենք-շինությունները և դրանցով զբաղեցված օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 10,3 հազ հողատարածքը:

2018 թվականի մարտի 1-ի դրությամբ շուրջ 114,5 միլիոն դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինությունները և դրանցով զբաղեցրած, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 10,3447 հա հողատարածքը (ծանրաբեռնված օտարման դեպքում հողամասի կադաստարային արժեքի վճարման պարտավորությամբ) ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից գնահատված 626 905,0 հազ. դրամ շուկայական գնով (ներառյալ` ավելացված արժեքի հարկը)՝ ուղղակի վաճառքի ձևով կհանձնվի «Ա-Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերության կողմից գույքային համալիրը տարիներ շարունակ չի շահագործվել և գտնվում է անմխիթար վիճակում: Ընկերությունը չունի ծրագրեր գույքային համալիրի տարածքում գործունեություն իրականացնելու վերաբերյալ:

«Ա-Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊԸ-ն 23.02.2018թ. գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին` պատրաստակամություն հայտնելով ձեռք բերել գույքային համալիրը և այն օգտագործել իր ծրագրերի համար` արդյունաբերական և այլ գործարար նպատակների համար, մասնավորապես հիմնել`

  • մեխանիկական արտադրամաս (մետաղական և փայտաշեն կոնստրուկցիաների պատրաստման նպատակով),
  • ժամանակակից բետոնի գործարան,
  • շինանյութերի արտադրության և վերամշակման լրակազմ կենտրոն,
  • շինարարական նյութերի և կիսապատրաստուքների կենտրոնացված պահեստ,
  • երկաթ-բետոնյա և բետոնյա կոնստրուկցիաների արտադրամաս,
  • վարձակալությամբ տրվող պահեստային տարածքներ` կահավորված անհրաժեշտ բեռնման և բեռնաթափման սարքավորումներով,
  • վարձակալությամբ տրվող մատչելի գրասենյակային տարածքներ փոքր և միջին բիզնեսի համար,
  • բարձրորակ և միաժամանակ մատչելի հյուրանոցային համալիր,
  • շինարարական, գյուղատնտեսական, մանր և միջին տեխնիկայի ցուցասրահ, պահեստ, ինչպես նաև սպասարկման, վաճառքի ու վարձակալության կենտրոն,
  • ծանր շինարարական, գյուղատնտեսական տեխնիկայի և տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոն և կայանատեղի,
  • միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաների կայանման վայր:

Գնորդը երաշխավորել է բոլոր վերը նշված արտադրական և այլ կարողությունները համապատասխանեցնել շրջակա միջավայրի պաշտպանության և աշխատանքի կազմակերպման, անվտանգության միջազգային չափանիշներին: Գնորդը միաժամանակ պատրաստակամություն է հայտնել այդ կարողությունների ստեղծման համար մոտակա 7-10 տարիների ընթացքում ներդնել 7,5 մլրդ դրամ և նախնական հաշվարկներով ստեղծել 250 նոր աշխատատեղ:

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով հանձնարարվում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների  նախարարին` հանդես գալով որպես ընկերության միակ բաժնետիրոջ իրավասություններ իրականացնող անձ` ընդունել միակ բաժնետիրոջ որոշում` 100% պետական մասնակցությամբ ընկերության կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքային համալիրը անկախ գնահատողի կողմից գնահատված 626,9 մլն դրամ շուկայական գնով (ներառյալ` ԱԱՀ-ն) ուղղակի վաճառքի ձևով գնորդին օտարելու թույլտվություն տալու վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել