Առավել խիստ քրեական պատասխանատվություն՝ լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կամ սպառնալու դեպքում

Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Փոփոխություն կկատարավի ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասում,  որում ամրագրված իրավանորմը հստակեցնում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակների համար քրեական պատասխանատվության և պատժի անխուսափելության սկզբունքի պատշաճ իրացումն ու, դրանով պայմանավորված նաև՝ խոսքի ազատության հիմնարար իրավունքի երաշխավորմանն ուղղված հասարակական հարաբերությունները պաշտպանելու անհրաժեշտությամբ:

ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության կողմից մշակված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասում քրեական պատասխանատվություն է նախատեսվում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու, իսկ նույն հոդվածի 2-րդ մասում’ նույն արարքները պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարելու համար:

Հոդվածի երրորդ մասում քրեական պատասխանատվություն է նախատեսվում հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կատարելու համար:

Այսինքն՝ օրենսդիրը լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակի համար քրեական պատասխանատվություն է նախատեսում միայն այն դեպքում, երբ առկա են հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նախատեսված պայմանները միաժամանակ («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մաս): Այնինչ, լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով վերջինիս մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, եթե անգամ կատարվել է պաշտոնատար անձ չհանդիսացող սուբյեկտի կողմից, օժտված է հանրային վտանգավորության առավել բարձր աստիճանով, ուստի՝ առկա է նման արարքների համար պատասխանատվության առավել խիստ միջոցներ նախատեսելու անհրաժեշտություն: Հատկանշական է, որ հիշյալ ծանրացնող հանգամանքը ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածում լրացվել է 2010թ-ին՝ պայմանավորված լրագրողի մասնագիտական օրինական գործունեությամբ պայմանավորված’ վերջինիս կամ նրա մերձավորի նկատմամբ բռնության կամ դրա սպառնալիքի դեմ առավել արդյունավետ և համարժեք միջոցներով պայքարելու անհրաժեշտությամբ, մինչդեռ հոդվածի դիսպոզիցիայում առկա ոչ հստակ ձևակերպման պայմաններում արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասով որակելը դառնում է խնդրահարույց այն դեպքերում, երբ հանցագործության սուբյեկտը պաշտոնատար անձ չէ:

Առաջարկվող կարգավորման նպատակն է առավել հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի դիսպոզիցիան’ քրեորեն պատժելի համարելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ անկախ հանցակազմի սուբյեկտի հասարակ կամ հատուկ լինելու հանգամանքից:

Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի դիսպոզիցիաները՝ այդպիսով ապահովելով իրավական որոշակիությունը, պատասխանատվության ու պատժի անխուսափելիության սկզբունքի պատշաճ իրացումը, լրագրողի կողմից տեղեկություններ հավաքելու և տարածելու իրավունքի ապահովմանը առավել արդյունավետ իրականացմանն ուղղված հասարակական հարաբերությունների արդյունավետ պաշտպանությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել