2018 թվականի փետրվարի 28-ին` ժամը 18:00-ին, լրացել է Հանրապետության նախագահի առաջադրման ժամկետը, եւ Ազգային ժողովի նախագահը Հանրապետության նախագահի առաջադրման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ:
«2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստանի հանրապետական կուսակցություն» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը:
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 5-րդ մասի` հայտարարում եմ, որ Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկումը կսկսվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` մարտի 1-ի նիստում՝ ժամը 10:30-ին»:
Հիշեցնենք, որ այսօր Աժ նիստի ավարտին Արփինե Հովհաննսիյանը հայտարարել էր, որ Ազգային ժողովի նախագահի հայտարարությունը թեկնածու վերաբերյալ կհայտարարվի ավելի ուշ: Հայտարարությունը Աժ պաշտոնական կայքում հայտնվեց 18:30-ին: Ընտրությունը տեղի կունենան մարտի 2-ին՝ 10:30-ին: