Մարտի 1-ին` ժամը 14:30-ին, համաձայն Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2018 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին» որոշման, մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում, Տերյան 105 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անց է կացվելու ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ժամանակ գործարկվելու է ազդարարման շչակ:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Հորդորում ենք ազդարարման շչակի ձայնից խուճապի չմատնվել, պատճառվող ժամանակավոր անհանգստության համար էլ հայցում ենք ձեր ներողամտությունը»,–ասվում է հաղորդագրությունում: