Մարտի 4-ին ուժի մեջ է մտնում ոստիկանության մասին օրենքում կատարված փոփոխությունները:
Նշենք, որ փոփոխությունների համաձայն հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունը (այդ թվում` ճանապարհային երթևեկության անվտանգությունը) ապահովելիս ոստիկանությունը կարող է հանրային վայրերում օգտագործել անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ:
Հանրային վայրերում տեխնիկական միջոցներով վերահսկողություն իրականացնելիս այդ մասին հրապարակվում է նախազգուշացում:
Տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները տեղադրվում են ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի ղեկավարի կամ ճանապարհային ոստիկանության պետի որոշմամբ` հաշվի առնելով տվյալ տարածքում կատարվող հանցագործությունների և հասարակական կարգի խախտումների քանակը և դրանց հանրորեն վտանգավոր բնույթը` համաձայնեցնելով համապատասխան համայնքի ղեկավարի հետ: Մասնավոր սեփականություն հանդիսացող հանրային վայրերում անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները տեղադրվում, կամ սեփականատիրոջ տեխնիկական միջոցներին ոստիկանության համար հասանելիությունն ապահովվում է սեփականատիրոջ համաձայնությամբ` նրա հետ կնքված պայմանագրով:
Հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները կարող են օգտագործել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ոստիկանության տվյալ լիազորությունների իրականացմամբ սահմանափակվող ժամկետում:
Տեսաձայնգրիչը ամրացվում է ոստիկանության ծառայողի համազգեստին կամ գտնվում է ոստիկանության ծառայողի ձեռքում կամ ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցում:
Ոստիկանները պետք է տեսաձայնագրող և լուսանկարահանող տեխնիկական միջոցները կրեն տեսանելի ձևով, բացառությամբ գաղտնի օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման դեպքերի:
Տեսաձայնագրումը, տեսանկարահանումը և լուսանկարահանումն իրականացվում են միայն ծառայողական տեխնիկական միջոցներով: Իրավախախտում հայտնաբերելու կամ ամրագրելու դեպքում ոստիկանության ծառայողն իրավունք չունի դադարեցնելու կամ ընդհատելու տեսանկարահանումը կամ տեսաձայնագրումը:
Տեսանյութերը կամ լուսանկարները ոչնչացվում են դրանց ամրագրումից յոթ օր հետո:
Դրանց ոչնչացումը ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի ղեկավարի կամ ճանապարհային ոստիկանության պետի որոշմամբ տարաժամկետվում է, եթե`
1) տեխնիկական միջոցներով հայտնաբերվել կամ ամրագրվել է հանցագործության դեպք կամ հասարակական կարգի (այդ թվում` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի օրենսդրության) խախտում.
2) անձանց կողմից բողոքարկվել են ոստիկանության ծառայողների գործողությունները, կամ ոստիկանության ծառայողի կողմից թույլ տրված իրավախախտման մասին լրատվության միջոցի հաղորդման հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն.
3) անձինք իրենց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու խնդրանքով դիմել են ոստիկանություն:
Տեսանյութերը կամ լուսանկարները կարող են օգտագործվել հանցագործությունների կամ հասարակական կարգի խախտումների դեպքերի քննության, ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ բողոքները քննելու, անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու, հասարակական հնչեղություն ստացած դեպքերով ոստիկանության ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության ավարտից հետո վերջինիս վերագրվող կարգապահական խախտման դեպքի կամ խախտման հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը հրապարակայնացնելու նպատակով` առանց այլ անձանց նույնականացնող տվյալների հրապարակման կամ դրանց նվազագույն հրապարակմամբ:
Տեսանյութերը կամ լուսանկարներն այլ նպատակներով օգտագործելը արգելվում է:
Եթե տեխնիկական միջոցներով հայտնաբերվում կամ ամրագրվում է իրավախախտում, ապա տեսանյութերը կամ լուսանկարները ոստիկանությունում պահվում են մինչև հանցագործության կամ հասարակական կարգի խախտման դեպքի քննության կամ ծառայողական քննության ավարտը, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու դեպքում տեսանյութերը կամ լուսանկարները պահվում են մինչև անձի խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգնումը, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով:
Նշենք, որ որոշումն ընդունվել է փետրվարի 7-ին:
Եվգենյա Համբարձումյան