Այսօր Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց 2018 թվականի դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը: Ունկնդիրների թվում են դատավորի 10 (5-ը՝ քրեական, 5-ը՝ քաղաքացիական մասնագիտացումներով) և դատախազի 16 թեկնածու, ընդ որում՝ յուրաքանչյուր խմբում մեկական թեկնածու Արցախի Հանրապետությունից է: Այս մասին հայտնում են ակադեմիայից։
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց և շնորհավորեց ունկնդիրներին, բարի երթ մաղթեց նրանց մասնագիտական գործունեության զարգացմանն ուղղված շատ ավելի նեղ մասնագիտացված ուսումնառության մեկնարկի կապակցությամբ: «Ինձ թվում է՝ վճռական որոշում եք կայացրել և հաաստատակամ եք դատավոր, դատախազ դառնալու հարցում և լուրջ մտադրություն ունեք այս ուսումնառության ընթացքում ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ, կարողություններ: Շատ դժվար ճանապարհ եք ընտրել, բայց վստահ եմ՝ միասին պատվով կհաղթահարենք այն: Լիահույս եմ՝ քանի հոգի ընդունվել է, այնքանն էլ կավարտի և մոտ ապագայում կնշանակվի համապատասխան ոլորտներում»,-նշեց Ս. Առաքելյանը:
Ռեկտորն ունկնդիրներին ներկայացրեց ուսումնական գործընթացին առնչվող մանրամասներ, անդրադարձավ ուսումնառությանը վերաբերող բովանդակային և տեխնիկական հարցերի: Ունկնդիրները նաև տեղեկացան, որ պարբերաբար հանդիպումներ են անցկացվելու, որի ընթացքում ռեկտորի հետ ուսումնառության ընթացքում առաջացած հարցերն ու խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու հնարավորություն են ստանալու:
Ուսումնական գործընթացը մեկնարկեց «ՀՀ սահմանադրական իրավունքի գիտության և սահմանադրական արդարադատության արդի միտումները» դասընթացով: Իսկ թեկնածուների մասնագիտական պատրաստումը, համաձայն համապատասխան ուսուցման ծրագրերի, տևելու է 7 ամիս 2 շաբաթ (2018 թվականի փետրվարի 26-ից հոկտեմբերի 12-ը)՝ ներառյալ փորձաշրջանը: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը դատավորի թեկնածուների համար սահմանված է 1026, իսկ դատախազների թեկնածուների համար՝ 1050 ակադեմիական ժամ: