Կառավարությունը ստորագրել է N 1033-Ն որոշումը, որով սահմանվում է դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը:
Լիցենզավորված անձը լիցենզիա տալու մասին որոշումն ստանալուց հետո դեղատնային գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման և սպասարկման պայմանագիր կնքի էլեկտրոնային առողջապահության համակարգն սպասարկող օպերատորի հետ։»,
Որոշումը ուժի մեջ մտնելուց հետո պարտադիր կդառնա, որպեսզի դեղատունը կամ դեղատնային կրպակը ապահովված լինի էլեկտրոնային առողջապահության համակարգին միացված մշտապես գործող ինտերնետ կապուղիով՝ յուրաքանչյուր վայրում առնվազն 1 մբ/վ սիմետրիկ ինտերնետ սնուցմամբ առաջին 5 օգտատիրոջ համար, իսկ 5-ից ավելի օգտատերերի դեպքում՝ յուրաքանչյուր 10 օգտատիրոջ հաշվով լրացուցիչ 2 մբ/վ սիմետրիկ ինտերնետ սնուցմամբ:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները պահպանելով` լիցենզավորված անձն էլեկտրոնային առողջապահության համակարգում ապահովում է տվյալների թարմացումը, դեղատոմսով բաց թողնվող դեղերի տրամադրման վերաբերյալ տեղեկատվության մուտքագրումը դրանց փաստացի կատարման պահին:
Անձը լիցենզիա տալու մասին որոշումն ստանալուց հետո բժշկական օգնության և սպասարկման իրականացման յուրաքանչյուր վայրի համար հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման և սպասարկման պայմանագիր կնքի էլեկտրոնային առողջապահության համակարգն սպասարկող օպերատորի հետ։
Լիազոր մարմնի կողմից էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների փոխանցումն ապահովող ներքին ցանցի (data network) ներդրման և սպասարկման դեպքում լիազոր մարմնի ծանուցումն ստանալուց հետո 14-օրյա ժամկետում, լիցենզավորված անձը միանում է ներքին ցանցին` միևնույն ժամանակ 2018 թվականի ապրիլի 1-ից ունենալով էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների փոխանցման ցանցն սպասարկող մատակարարից տարբերվող այլ մատակարարի կողմից մատուցվող պահուստային կապուղի` ապահովելով էլեկտրոնային առողջապահության համակարգին միացված մշտապես գործող ինտերնետ կապուղի յուրաքանչյուր վայրում առնվազն 1մբ/վ սիմետրիկ ինտերնետ սնուցմամբ առաջին 5 օգտատիրոջ համար, իսկ 5-ից ավելի օգտատերերի դեպքում՝ յուրաքանչյուր 10 օգտատիրոջ հաշվով լրացուցիչ 2 մբ/վ սիմետրիկ ինտերնետ սնուցմամբ:
Որոշումն ընդունվել է 2017 թվականի օգոստոսի 24-ին, սակայն ուժի մեջ կմտնի 2018 թվականի մարտի 6-ին:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 28-ին ուժի մեջ է մտնում կառավարության 1402-Ն որոշումը, որով սահմանվում են դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բացթողելու կարգը։ Մարտի 1-ից դեղերի մի մասը հնարավոր կլինի գնել առանց դեղատոմսի, մյուս մասը դեղատոմսերով։
Եվգենյա Համբարձումյան