Եվրամիությունը լուրջ է տրամադրված և չի պատրաստվում ձեռքերը ծալած նայել, թե ինչպես է Հայաստանի կառավարությունն այս անգամ ևս տապալում ստանձնած բարեփոխումները։ ԵՄ-ի հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի կառավարությունը պարտավորվել է ուժեղացնել հակակոռուպցիոն պայքարը։
Իշխանությունները շեշտադրում են հատկապես կոռուպցիայի կանխարգելումը և օրենսդրությունն աստիճանաբար հարմարեցվում է այդ մարտավարությանը։ Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի խոսքով՝ իշխանությունները գիտակցում են պատասխանատվության իրենց չափը․
«Երևանը Եվրամիությունից ֆինանսական աջակցություն կստանա այն դեպքում, եթե հակակոռուպցիոն պայքարը կոնկրետ արդյունքներով ավարտվի»։ Եվրամիության հետ Համաձայնագիրն ստորագրվել է, բայց կողմերը դեռևս չեն վավերացրել։ Այդ գործընթացի ավարտից հետո ուժի մեջ կմտնեն նաև հակակոռուպցիոն ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարումը։
Հետխորհրդային տարածքում կոռուպցիայի դեմ հաջող պայքարի օրինակ հաճախ մատնացույց է արվում Վրաստանը, որտեղ թեև վարչական կոռուպցիան վերացավ, սակայն ծաղկեց քաղաքական կոռուպցիան։ Միխեյիլ Սահակաշվիլին հիմնադրեց մի համակարգը, որտեղ արդարադատական համակարգը մնաց երկրի ղեկավարութունից կախված։ Դա է պատճառը, որ նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո նրա դեմ քրեական հետապնդում սկսվեց։ Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է այդ ճանապարհով չգնա։ Իսկ հիմա ի՞նչ ուղղությամբ է շարժվում մեր պետությունը։
Կոռուպցիայի դեմ պայքար ասելով մեզ մոտ հասկանում են իրական սեփականատերերի և գույքի ու եկամուտերի հայտարարագրման ինստիտուտների թափանցիկության ապահովումը։ Կարեն Զադոյանը վստահ է, որ Հայաստանում քաղաքական կոռուպցիան արմատախիլ անելու լավ գործիք է ազդարարման ինստիտուտը, որն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հուլիսից։ Քաղաքացիները կկարողանան անանուն բողոքներ ներկայացնել պաշտոնյաների ապօրինի հարստացման դեպքերով, և դրանք պարտադիր պետք է քննության առարկա դառնան։ Որևէ մեկը չի կարողանա գտնել քաղաքացու անունը և նրան պատժել, անանունությունն ապահովվելու է համապատասխան գործիքակազմով։ Այս իրավիճակում մնում է միայն, որ Հայաստանի իշխանությունը քաղաքական կամք դրսևորի ու գործնականում հակակոռուպցիոն գործիքները կիրառվեն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: