Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել, որի ընդունման հնարավորություն է կտա հստակեցնել և ամբողջականացնել մարզային բժշկական հաստատությունների կադրերով համալրման հիմնախնդիրները, որոշակիացնել նպատակները, իրականացվելիք քաղաքականության ուղղությունները` 2017-2020 թվականներն ընկած ժամանակահատվածում:
Նախագծում նշվում է, որ երկրում մարդկային ներուժի ճիշտ հավասարակշռման նպատակով իրականացվող պլանավորումը և կառավարումը չափազանց բարդ խնդիր է: Այն ներառում է շատ դերակատարներ և շահագրգիռ կողմեր: Առողջապահության բնագավառի աշխատուժի պլանավորումը և կառավարումը դառնում է ավելի բարդ, երբ հասարակություններն անցում են կատարում ծառայությունների մատուցման մի մոդելից, օրինակ, բացառապես բաց ֆինանսավորումից և կառավարվող ծառայություններից, մեկ այլ` բազմաձև մոդելի` բաց և մասնավոր ծառայությունների մատուցման համակցմամբ: Սա նպաստում է մի հատվածից դեպի մյուսը մարդկային ներուժի տեղաշարժին, ազդում է ծառայությունների պահանջարկի վրա և մատնանշում վերապատրաստման կարիք ունեցող ծառայություն մատուցողներին: Մարդկային ներուժի անհավասար բաշխումը նպաստում է նաև բժշկական ծառայությունների անհավասար բաշխման, ռեսուրսների անարդյունավետ վատնման, որոնք ավելի են բարդացնում խնդրի լուծումը:
Սույն հայեցակարգի նպատակն է նկատի ունենալով առողջապահական մարդկային ներուժի վրա ազդող բազմոլորտ գործոնները, մասնավորապես ժողովրդագրական տվյալների վերլուծությունները, պետական և մասնավոր կառույցների և առողջապահության բնագավառի տարբեր մակարդակների միջև համագործակցության շրջանակները, աշխատաշուկան և դրա ազդեցությունը աշխատուժի պահանջարկի և մատակարարման վրա, առկա կրթական ոլորտը և դրա հնարավորությունը արձագանքելու փոփոխվող կարիքներին, աշխատանքային պայմանները` կապված ծառայությունների իրականացման հետ, իրականացնելով համապատասխան միջոցառումներ, հավասարակշռել առողջապահության բնագավառի մարդկային ներուժի հասանելիությունը մարզային մակարդակով` աշխարհագրական և/կամ սոցիալ–տնտեսական գործոնների առումով:
Նպատակին ուղղված խնդիրներն են`
- մարզային բժշկական հաստատությունները նեղ մասնագետներով ապահովման պլանավորման համակարգի զարգացումը` հիմնված յուրաքանչյուր մարզի կարիքների վրա,
- մարզային բժշկական հաստատությունները կադրերով ապահովելու համար շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգի ներդնումը և պատշաճ իրականացումը,
- մարդկային ներուժի կառավարման տեղեկատվական համակարգի բարելավումը,
- նպատակային կրթության և այլ մեխանիզմների սահմանումը (վերաորակավորում)` ուղղված մարզային բուժհաստատություններում կադրային ներուժի ապահովվածության խնդիրների լուծմանը,
- բուժաշխատողների կատարողականի վրա հիմնված վարձատրության ներդրման իրականացում:
Նկատի ունենալով, որ ներկայում իրականացվող քաղաքականությունը բավարար չէ մազային բժշկական հաստատությունները նեղ մասնագետներով ապահովեու համար, խնդիրը կանոնակարգման արմատական հիմքերի վրա դնելու համար անհրաժեշտ ենք համարում ցուցաբերել շահագրգիռ կողմերի համակարգային մոտեցում հետևյալ ուղղություններով`
Ուղղություն 1. Մարդկային ներուժի կառավարում, որն իր մեջ ներառում է հետևյալ գործողությունների իրականացումը`
ա. մարզային և համայնքային մակարդակով բժշկական անձնակազմի կարիքների վերաբերյալ վերլուծությունների իրականացում` հաշվի առնելով բնակչությանը տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծավալը.
բ. Հայաստանի Հանրապետության տարածքում անհրաժեշտ առողջապահական կադրերի ներկայիս և հեռանկարային պահանջարկը հաշվարկելու համար կադրային նորմատիվների սահմանում :
գ. մարզային կտրվածքով բուժհաստատություններին նպատակային պետական պատվերի շրջանակներում որոշակի ծառայության մատուցման համար տրամադրվող գումարների նպատակային ուղղորդում տվյալ բուժհաստատության համապատասխան որակավորմամբ բժշկական կադրերի պատրաստման, վերաորակավորման համար.
դ. բժշկական մասնագետների նպատակային ուսուցման կազմակերպում (օրինակ`գյուղական բնակավայրերից դիմորդների նպատակային հավաքագրումը).
ե. Կրթության մասին>> (6-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերություն) և <<Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին>> (5-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերություն) Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն, նպատակային կրթության շրջանակներում մարզերում/գյուղական վայրերում 3-ից 5 տարի պարտադիր աշխատելու պարտավորություն ստանձնած ուսանողներին պետական պատվերով բուհական փուլում և հետբուհական ռեզիդենտուրայում կրթություն ստանալու հնարավորություն շրջանակների ընդլայնում, մասնավորապես բժշկական նպատակային կրթության ներդնում բուհական փուլում և դրա ընդլայնում ռեզիդենտուրայի փուլում.
զ. ընդհանուր առողջապահական կադրերի ռեգիստրում մարզային նեղ մասնագետների ռեգիստրի վարում` նեկա իրավիճակը գնահատելու, պահանջարկը կանխատեսելու համար.
է. ըստ մարզերի նեղ մասնագետերով ապահավածության ստանդարտների մշակում, որը իր մեջ կընդգրկի .
է.1մարզային առողջապահական համակարգի կողմից բժշկական օգնության և սպասարկման հստակ ծավալների սահմանումը,
է.2 յուրաքանչյուր մարզային բժշկական կենտրոնի օրինակելի կառուցվածքը
է.3 այդ կառուցվածքին համահունչ կադրային ապահովվածության ստանդարտները:
ը. նկատի ունենալով առողջապահական համակարգում ներկայում իրականացվող օպտիմալացման գործընթացները` օպտիմալացման արդյունքում աշխատանքից ազատված բժիշկներին վերաորակավորելու ըստ անհրաժեշտ մասնագիտությունների և համակարգում աշխատանք առաջարկելու ուղղությամբ ծրագրերի մշակում, որի շրջանակներում անհրաժեշտ է ներդնել բժշկական կրթության ալգորիթմ՝
ը1. առողջապահության բնագավառի մասնագիտությունների նոր անվանացանկ (հիմնական և նեղ մասնագիտություններ).
ը.2 ստեղծել մասնագիտական գործունեության հսկող-թույլատրող համակարգ` թեսթավորման համակարգ, որը կհաստատի առողջապահության ոլորտի մասնագետների համապատասխանությունը մասնագիտական և կրթական չափորոշիչներին (որակավորում, հավաստագրում, շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտավորում շրջափուլում):
Ուղղություն 2. Բժիշկների ուսուցում, շարունակական մասնագիտական զարգացում, որն իր մեջ ներառում է հետևյալ գործողությունների իրականացումը`
ա. նպատակային ընդունելության, ինչպես նաև ռեզիդենտուրայում ուսուցման ուղղությամբ համագործակցության իականացում ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ` տարեց տարի նպատակային ուսուցման հատկացված ներկայիս տեղերի (30%) քանակության ավելացում մինչև նպատակային ուսուցման համար հատկացված տեղերի 90%-ը.
բ. իրականացնել մարզային բժշկական հաստատությունների կադրերի պետպատվերով շարունակական մասնագիտական զարգացման նպատակային ծրագեր` ըստ նախապես գնահատված կարիքների.
գ. մարզերի բժշկական անձնակազմի համար շարունակական մասնագիտական զարգացման, մասնավորապես հեռավար զարգացման համար պայմանների ստեղծում
Ուղղություն 3. Աշխատանքային երաշխիքների սահմանում, որն իր մեջ ներառում է հետևյալ գործողությունների իրականացումը`
ա. Շարունակել խրախուսման միջոցների մշակման գործընթացը ելնելով համակարգի կարիքներից` կիրառելով կատարողականի վրա հիմնված վարձատրության մեխանիզմները
բ. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ համատեղ մշակել առաջարկություններ լրացուցիչ խրախուսման միջոցների ներդրման վերաբերյալ:
Ուղղություն 4. Մշտադիտակման մեխանիզմների սահմանում, որն իր մեջ ներառում է հետևյալ գործողությունների իրականացումը`
ա. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան պատասխանատու ստորաբաժանման կողմից մարզային բժշկական հաստատություններում մարդկային ներուժի կարգավիճակի գնահատում` ըստ յուրաքանչյուր մարզի համար սահմանված ստանդարտների.
բ. մարզային բժշկական հաստատությունների կողմից մարդկային ներուժի կարողությունների գնահատման նպատակով ներքին աուդիտի իրականացման մեխանիզմների ներդնում: