Մատենադարանի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար առաջադրվել է մեկ թեկնածու

Համաձայն «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի աշխատակարգի 2.4 կետի 9-րդ ենթակետի և «Մատենադարան» հիմնադրամի տնօրենի ընտրության կանոնակարգի 2.1 կետի՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի  հայտարարած մրցույթի սահմանված ժամանակահատվածում Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով ստացվել է մեկ դիմում: Դիմում է ներկայացրել պատմական գիտությունների դոկտոր, Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը։ Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի պաշտոնական կայքէջից:

Իրավաբան.net-ը ստորև Ձեզ է ներկայացնում Վահան Տեր-Ղևոնդյանի կենսագրությունը.

-Ծնվել է 1961 թվականի օգոստոսի 12-ին, Երևանում, հայագետ-արաբագետ Արամ Տեր-Ղևոնդյանի և հնագետ Սեդա Դևեջյանի ընտանիքում:
-1978 թ. ավարտել է Երևանի թիվ 172 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը:
-1978-1983 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցությամբ:
-1983-1986 թթ. ուսանել և ավարտել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1986 թ.-ից.
-1986-1991թթ. Աշխատել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի միջին դարերի պատմության բաժնում որպես գիտաշխատող:
-1991-1993 թթ.  ՀՀ նախագահի օգնական:
-1993-1995 թթ. Ֆրանսիայում  ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար:
-1995-1998 թթ. Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արգենտինայում (համատեղությամբ նաև Ուրուգվայում և Բրազիլիայում):
-1998-2003 թթ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն:
-2003-2005 թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական:
-2006-2008 թթ. ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիբանանի Հանրապետությունում:
-2008-2011թթ. Երևանի Վ. Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ:
-2008 թ. ցայսօր համատեղությամբ աշխատում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում, նախ՝ որպես ավագ գիտաշխատող, ապա` առաջատար գիտաշխատող:
-2012 թ.-ից Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արաբատառ ձեռագրերի նկարագրման և ուսումնասիրման բաժնի վարիչ:
-2014 թ.-ից Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտքարտուղար (համատեղելով բաժնի վարիչի պաշտոնը):
-2016 թ. սեպտեմբերից Մաշտոցյան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար:

Գիտական և գիտամանկավարժական գործունեությունը.
-1989 թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Կիլիկյան Հայաստանը և Մերձավոր Արևելքի արաբական երկրները 1145-1226 թթ.» թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան:
-2017 թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Կիլիկյան Հայաստանը և Այյուբյան պետությունները» թեմայով և ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
-1988-2014 թթ. (ընդմիջումներով) հայագիտական ու արևելագիտական առարկաներ է դասավանդել Երևանի պետական համալսարանում, Սբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, Աճառյան համալսարանում, Բեյրութի Հայկազյան համալսարանում, ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնում:
– Հեղինակ է երկու մենագրության (որոնցից առաջինը թարգմանվել է նաև ֆրանսերեն և արաբերեն), քսանհինգ գիտական հոդվածների (հրատարակված Հայաստանում, Ռուսաստանում, Հունաստանում, Բելգիայում, Լիբանանում), կազմել և հրատարակել է պատմագիտական ու աղբյուրագիտական բնույթի ևս վեց այլ գրքեր:
Տիրապետում է ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, իսպաներենի և արաբերենի:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

 

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել