Ներկայացվեցին ՀԿ օրենսդրության առանցքային փոփոխությունները․ դասընթացի մասնակից

Քաղաքացիական հասարկության ավելի քան 12 ներկայացուցիչ այսօր կազմակերպված դասընթացի շնորհիվ տեղեկացան «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքում կատարված վերջին փոփոխություններին։

Դասընթացը կազմակերպվել էր Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Այն ներկայացրեց ծրագրի ինկուբատորների համակարգող Մարատ Ատովմյանը։

Մարատ Ատովմյանը ներկայացրեց հասարակական կազմակերպությունների մասին օրենքով նախատեսված այն իրավակարգավորումները, որոնք հատկապես կապված էին կանոնադրություններում կատարվող փոփոխությունների հետ։ Նա նշեց, որ օրենսդրական վերջին փոփոխության համապատասխան՝ փետրվարի 4-ից հետո պետռեգիստրում կանոնադրության գրանցման համար պետք է 5000 դրամ պետական տուրք վճարվի։  Մասնագետը նաև անդրադարձ կատարեց օրենքում առկա այն դրույթին, որը վերաբերում էր կազմակերպություններում կամավորների աշխատանքին և դրա առանձնահատկությանը։

Նշենք, որ դասընթացի մասնակիցների զգալի մասը կանայք էին։

«Առանձնացվել էին այն առանցքային փոփոխությունները, որոնք կատարվել էին ՀԿ օրենսդրական դաշտում։ Ինձ համար շատ կարևոր էր, որ իմացանք կամավորների մասին կատարված փոփոխությունները, որովհետև մենք հաճախ ունենում ենք կամավորներ, և հիմա ուշադիր կլինենք, որ այդ կամավորների հետ ունենանք պայմանագիր»,-ասաց «Եվրասիա Համագործակցություն»  հիմնադրամի ներկայացուցիչ Սիլվա Սվազյանը։

«Բժիշկների կատարելագործման միջազգային ակադեմիա ՀԿ նախագահ Դիանա Հովակիմյանի խոսքով, նման դասընթացներն արդյունավետ են և լավ կլինի, եթե շարունակական բնույթ կրեն։ «Դրույթներ կային, որոնք փոփոխվել էին, օրինակ կամավորների հետ կապված։ Եթե օրենքին իրազեկված ես, ինձ թվում է, որ կկարողանաս ճիշտ աշխատել և խնդիրներ չեն առաջանա»,-նշեց նա։

Մարատ Ատովմյանը այսօրվա միջոցառման ժամանակ ներկայացրեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որի հիմնական նպատակը Հայաստանում ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում։

Հիշեցնենք, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել