Ո՞ր դեպքերում է անձը դիտարկվում տրանսպորտային միջոցն առանց վարորդական վկայականի վարող

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 128-րդ հոդվածի 3-րդ մասը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցներ վարելու համար: Վերոնշյալ վարչական իրավախախտման համար նախատեսված է վարչական պատասխանատվություն՝ տուգանք 3.000 ՀՀ դրամի չափով:

 Նշված հոդվածի իմաստով այլ փաստաթղթեր են հանդիսանում տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը, մաքսային փաստաթղթերը, վարորդական վկայականում նշված դեպքերում` նաև բժշկական տեղեկանքը և այլն, որոնք չեն ներառում լիազորագիրը, ուղեգիրը, բեռնաուղեգիրը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի իմաստով անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, եթե նա սահմանված կարգով չի ստացել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական կամ սահմանված կարգով ստացել է վարորդական վկայական, սակայն օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և զրկման ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգով չի վերականգնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը, բացառությամբ ուսումնական վարման դեպքերի:

Օրենսդիրն անձին դիտարկում է առանց վարորդական վկայականի նաև այն դեպքերում, եթբ անձն ունի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, սակայն վարելու ընթացքում իր մոտ չունի վարորդական վկայական:

Առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցը վարչական իրավախախտում կատարած անձին իրազեկում է վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթն իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում ներկայացնելու դեպքում վարչական պատասխանատվությունից կամ վարչական տույժը կատարելու պարտականությունից ազատվելու հնարավորության մասին: Անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, իսկ վարչական տույժ նշանակված լինելու դեպքում անձն ազատվում է այն կատարելու պարտականությունից, եթե իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում լիազորված մարմին է ներկայացնում վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել