Որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է`
- որդեգրել ցանկացող անձի, խնամակալության և հոգաբարձության մարմնի և 14 տարին լրացած երեխայի պարտադիր մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխաներ որդեգրելու դեպքում.
- որդեգրել ցանկացող անձի, «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմնի և 14 տարին լրացած երեխայի պարտադիր մասնակցությամբ` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաներ որդեգրելու դեպքում:
Որդեգրվող երեխային դատարանը հարցեր է ուղղում որդեգրման վերաբերյալ երեխայի կարծիքը պարզելու համար` հաշվի առնելով նրա տարիքը և հասունության մակարդակը։
Անհրաժեշտության դեպքում դատարանը գործի քննությանը կարող է ներգրավել որդեգրվող երեխայի ծնողներին (ծնողին) կամ այլ օրինական ներկայացուցիչների և այլ շահագրգիռ անձանց:
Որդեգրման գործերով դատական քննությունն անցկացվում է դռնփակ, որի մասին որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելիս:
Որդեգրման գործով եզրափակիչ դատական ակտը չի հրապարակվում:
Սույն փոփոխությունը ուժի մեջ է մտել 2018թ. հունվարի 27-ից:Իրազեկման աղբյուրը՝ «ՀՀ Քաղաքացիական Դատավարության Օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ Օրենք 2-րդ հոդված (ՀՕ-12-Ն ընդունված 21.12.2017թ.)